Մի քանի օրվա՝ խստացված ստուգայցերի արդյունքում՝ տեսուչների գնահատականը. քաղաքացիների համար ամենամեծ խնդիրը դիմակ կրելն է: Մեծ մասը հրաժարվում է: Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի տեսուչներն այսօր հերթական ստուգայցով Աջափնյակում էին:
Նելլի Աբրահամյան. ԱԱՏՄ ավագ տեսուչ - Մեր մասնագետների կողմից ստուգայցեր են իրականացվում գրասենյակներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
Անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ստուգող այցերի ընթացքում, որոնք վերջին օրերին ավելի ուժեղացված ռեժիմով են իրականացվում, արձանագրվում են տարբեր խախտումներ: Օրինակ, ասում են, շատ դեպքերում գործատուն չի իրականացնում համապատասխան հրամանով նախատեսված՝ աշխատակցի թե՛ առավոտյան, թե՛ օրվա ընթացքում ջերմաչափումները:
Նելլի Աբրահամյան - Գրանցումները, գրանցամատյանները և, առհասարակ, այդ ամբողջ գործընթացը հստակ չի կազմակերպվում: Բացի նրանից, որ ջերմաչափման գրանցամատյանները պետք է համապատասխանեն ձևաչափին, ջերմաչափումներն էլ պետք է հստակ իրականացվեն:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համաժամանակյա և ուժեղացված ստուգայցեր է իրականացրել արդեն 4 վարչական շրջանում: Առայժմ, ասում են տեսուչները, հակահամաճարակային կանոնների պահպանման առումով դրական դինամիկա չկա: