Արցախյան առաջին պատերազմին նվիրված «Սև այգի» պարային բեմադրությամբ է սկսվում Summeet հայաստանյան միջազգային պարի փառատոնը: Այն Երևանում է համախմբել հայկական, հետխորհրդային տարածքի և եվրոպական պարային ներուժը: Փառատոնի ընթացքում կներկայացնեն, կքննարկեն և վարպետաց դասերով նաև կուսուցանեն ամենը, ինչը նորարարական է պարի ասպարեզում: Մշակույթի նախարարության աջակցությանն արժանացած նախաձեռնության հեղինակներն են երևանյան կոնսերվատորիայի օպերային ստուդիան ու Պետերբուրգի «Քաննոն դանս» պարային տունը: Ստուդիայի ղեկավար Հասմիկ Պապյանն ընդգծում է՝ սա ընդամենը սկիզբն է:
Փառատոնի միջազգային պրոդյուսեր Վադիմ Կասպարովի գնահատմամբ՝ Հայաստանը շատ բաների հետ է ասոցացվում՝ աստղագիտություն, երգող շատրվաններ, ֆուտբոլ, բայց՝ ոչ պար, և երկիրն այսօր ունի այս փառատոնի կարիքը:
Փառատոնի ծրագրում կներկայացվի նաև շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ'Իմոիլիտեի Dancewalk պարային փերֆորմանսը: Այն պար-ճամփորդություն է, որով հեղինակը ներկայացել է աշխարհի 11 երկրներում՝ 50 պարային երթուղիներով անցնելով 850 կմ: Փառատոնի մեկնարկը տրվեց հայերիս համար ամենազգայուն թեմայով: «Սև այգի» ներկայացման առաջին փորձն տեղի է ունեցել 2020-ի սեպտեմբերի 26-ին, հաջորդ օրը սկսված պատերազմն այն վերածեց պատերազմի կենդանի օրագրի:
Իսկ փառատոնը կշարունակվի Dancewalk փերֆորմանսով՝ խաղաղության պարային ուղերձը տարածելով նաև Երևանում: