Լարված իրավիճակին ու ծեծկռտուքին հաջորդող ելույթները պատգամավորներն սկսեցին ներողություններով: Իշխող խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը դիմեց Սեյրան Օհանյանին ու պնդեց՝ բանախոսի ուղղությամբ շիշ շպրտելով նախադեպ եք ստեղծում: Իրական բովանդակային քննարկում ծավալելու համար, Աղաջանյանի համոզմամբ, կան բոլոր նախադրյալները, բայց իշխանության ու ընդդիմության քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթներն են տարբեր:
Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարեց՝ իշխանությանը մեղադրել կարող եք, սակայն ոչ վիրավորանքների ոճով:
Թե ինչու օդում շշեր պտտվեցին ու գործը հասավ նաև բռունցքներով հարց լուծելուն, Արթուր Ղազինյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Հայկ Սարգսյանը նախ «դավաճան» , ապա «արա» ձևակերպումներով վիրավորեց պաշտպանության նախկին նախարարին: Քաղաքական նման բախումն անթույլատրելի է՝ պնդեց ընդդմադիր պատգամավորը:
Սա բացառիկ շշանետում էր՝ տեղի ունեցածն այսպես բնորոշեց Անդրանիկ Քոչարյանը: Իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց՝ խորհրդարանը պատերազմի դաշտ չէ և ուզած-չուզած պետք է աշխատել:
«Պատիվ ունեմից» Թագուհի Թովմասյանն էլ դիմեց իշխանությանն ու կոչ արեց հանդուրժող լինել քաղաքական խոսքի նկատմամբ: Մթնոլորտը փոխելու համար պետք է յուրաքանչյուրդ ձեր վարքագծին տեր կանգնենք, ատելության խոսք չգեներացնենք՝ հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Թովմասյանից հետո արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցավ ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը դիմեց իր նախկին թիմակցին, խնդրեց մնալ դահլիճում, ցուցաբերել հանդուրժողականություն, բայց պատգամավորը դուրս եկավ: Անդրադառնալով հանդուրժող լինելու կոչին՝ խորհրադարանի խոսնակը նկատեց՝ քաղաքական խոսքը պետք է տարբերել շոուից: Դահլիճում նորից ակտիվություն սկսվեց, նախազգուշացում ստացան «Պատիվ ունեմից»՝ Աննա Մկրտչյանն ու ՔՊ-ից Արման Եղոյանը:
Արդյունավետ աշխատելու ու իրար հարգելու կոչ արեց նաև Խաչատուր Սուքիասյանը: ՔՊ-ական պատգամավորը դիմեց ընդդիմադիրներին, հիշեցրեց նրանց կառավարման տարիները, երբ, իր բնորոշմամբ, լայնամասշտաբ կոռուպցիա է եղել և մեկ անձ է որոշել, ով ինչ կարող է անել:
Երկու օր շարունակվող միջադեպերը, որոնցով անընդհատ ընդմիջում էին բուն նիստերը, պատգամավորներին հիմնականում շեղեցին քննարկվող հարցից: Իսկ օրենսդիրի սեղանին կառավարության 5-ամյա զարգացման ծրագիրն է: «Հայաստան» դաշինքի քարտուղարը տարակուսեց՝ այդքան կորուստներից հետո ինչպե՞ս է գործադիրը խոսում տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ ունենալու մասին և ինչո՞վ է պատրաստվում բարելավել ներդրումային դաշտը:
Ընդդիմության այս մեղադրանքներին անդրադարձավ ՔՊ-ից տնտեսագետ պատգամավորը: Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ 3 տարվա մեջ երրորդ ծրագիրը շատ ավելի հիմնավորված է ու չափելի, քան նախորդները: Նկատեց՝ դա կյանքի կոչելու համար նաև ընդդիմությունն անելիք ունի հանձնաժողովային աշխատանքներում, որ տարիներով եկող ծանոթով-մաղարիչով աշխատող համակարգը շտկվի:
Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը կշարունակվի վաղը: