Ազգային ժողովի նիստն այսօր էլ հանդարտ չանցավ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները բանախոսի ու միմյանց վրա ջրի շշեր նետեցին:
Ամեն ինչ սկսվեց Հայկ Սարգսյանի ելույթի այս հատվածից. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր էն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են: Դա բոլոր ժամանակների մասին է»:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ:
Սարգսյանի ելույթի ընթացքում դահլիճում վիճաբանում էին «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակ առ ժամանակ պատգամավորներին կոչ էր անում լռություն պահպանել դահլիճում և թույլ տալ բանախոսին ավարտել ելույթը:
Վիճաբանությունը թեժացավ, Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին:
«Ուզում եմ բոլորի կողմից ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից նման իրավիճակի ականատես լինելու համար»,- ավելացրեց ԱԺ նախագահը:
Հայտարարվեց ընդմիջում մինչև ժամը 12.00-ն: