Մեծ յոթնյակի երկրները արտահերթ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը. անդամ երկրների միջև սերտ գործակցությունը կշարունակվի՝ մարդկանց տարհանման հարցում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ գործընթացը կավարտվի մինչև օգոստոսի 31-ը: Ի դեպ, դա նաև «Թալիբանի» պահանջն է: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է՝ սեպտեմբերի 1-ին շարժումն այլ մոտեցում կունենա տարհանման հատ կապված:
Զաբիհուլլահ Մուջահիդ («Թալիբանի» խոսնակ) - Մենք ևս մեկ ուղերձ ենք հղում ամերիկացիներին, որ նրանք տարհանեն իրենց բոլոր քաղաքացիներին Աֆղանստանից՝ մինչև նշված ժամկետը, որովհետև դրա համար նրանք ունեն բոլոր հնարավորությունները՝ օդանավակայան և օդանավեր: Բայց մենք թույլ չենք տա աֆղանստանցիների դուրսբերումը: Մեզ դա դուր չի գալիս:
ԱՄՆ նախագահ Բայդենն էլ վերահաստատել է, որ պատրաստ է դուրս բերել ամերիկյան զորքն Աֆղանստանից, բայց չի բացառում, որ այդ ժամկետը կերկարաձգվի, եթե թալիբները շարունակեն խոչընդոտներ ստեղծել:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Մենք ընդհանուր մոտեցում կորդեգրենք թալիբների խնդրի նկատմամբ: Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը՝ կախված նրանց արարքներից: Տարհանման գործընթացի ամեն օրը հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր զորքի համար: Դրանք իրական վտանգներ են:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրում չեն հանդուրժի նաև թուրք զինվորների ներկայությունը, թեև ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Թուրքական զորախումբը, որի թվաքանակը կազմում է մոտ 600 զինծառայող, Աֆղանստանում է 2001 թվականից: Թուրքիան առաջարկում է դառնալ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության երաշխավորը: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ այդպիսով Աֆղանստանը Թուրքիայի համար երկրորդ Սիրիա կդառնա:
Կանադան պատրաստ է ապահովելու Աֆղանստանի անվտանգությունը և զորքը թողնել այնտեղ, եթե դա հնարավոր լինի, G7 գագաթնաժողովի ժամանակ հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: