Մեր գործընկերները շատ են սիրում խոսել Արցախյան պատերազմում հաղթանակից: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդհանրապես ԶՈՒ գործողությունները, բանակի գործողություններն ապաքաղաքական են: Եվ որքան փորձում եք այս ամբիոնից շեշտել Դաշնակցության ջոկատների մասնակցությունը, դրանից էլ ավելի հայրենասեր չեք դառնում, կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ շեշտելով, որ չպետք է կուսակցականացնել պատերազմին մասնակցությունը:
«Կուսակցականացումը վերաբերում է հատկապես քաղաքական ղեկավարությանը: Ճիշտն ասած, պատմությունից ինձ հայտնի չէ, որ ՀՅԴ-ն 90-ականների պատերազմին եղած լինի իշխանության: Ուղիղ հակառակը. ինձ հայտնի է, որ ՀՅԴ-ն պատերազմի ընթացքում ցույցեր էր կազմակերպում և կառավարության ու Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր պահանջում՝ ասելով, որ նա հողատու, դավաճան է, հողերն է վաճառում: Բայց 90-ականների պատերազմում մենք հաղթեցինք, ու կնքվեց հայանպաստ խաղաղության ժամանակավոր փաստաթուղթ: Այսպիսով, թե 90-ականների պատերազմին, թե Ապրիլյան պատերազմին, թե 44-օրյա պատերազմին, թե՛ այս դահլիճում, թե՛ այս դահլիճից դուրս մեր հարազատները, մեր գործընկերները մասնակցել են, և եկեք ավելորդ անգամ չփորձենք խմբավորել քաղաքական ուժերի կամավորական ջոկատների մասնակցությունն ու դրանով չքաղաքականացնենք բանակը»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Նա անդրադարձավ նաև սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթին: Ըստ Արշակյանի՝ սպառազինությունների ձեռքբերումների պլանն անգամներով գերազանցում է հնարավորությունները, որ այդ պահին պետությունն ուներ ֆինանսավորելու:
«Եվ պարզ է, որ ըստ առաջնահերթությունների, որոշ բաների կարող էր տրվել առաջնահերթություն, որոշ բաների՝ ոչ այնքան: Ու ամբողջական գնումն ուղղակի անհնար է իրականացնել, որովհետև բանակի կարիքները բազմապատիկ անգամ ավելին են, քան ՀՀ ամենամյա բյուջեն կարող է ապահովել»,- շեշտեց նա:
Արշակյանն անդրադարձավ նաև կառավարության ծրագրին՝ շեշտելով, որ իրենց քաղաքական թիմը հենվել է, հենվելու է և այսուհետ կհենվի ՀՀ քաղաքացու կրթության, հնարավորությունների, ՀՀ ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանում ռազմավարական գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունների խորացման, բանակի վերազինման, սպառազինության զարգացման ճանապարհով խաղաղ ապագա բերելու տեսլականի վրա: