Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Այսօրվա նիստին պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը միջնորդել է կասեցնել գործի վարույթը՝ Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիությունը չհաղթահարված լինելու հիմքով կամ դիմել Սահմանադրական դատարան: Ըստ պաշտպանի՝ այս գործի շարունակությունն անհնար է առանց խորհրդարանի հավանության:
Մեղադրող կողմը անհիմն է որակել միջնորդությունը:
Դատարանը նշել է, որ ԱԺ-ի ընդհանուր թվի առնվազն 1/5-ի կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան, որում բարձրացվել է նաև պատգամավորի անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորումների հարցը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը հետաձգել է միջնորդության լուծումը՝ մինչև ներկայացված դիմումի վերաբերյալ Բարձր դատարանի որոշումը:
Դատարանի այս որոշումից հետո Գևորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ կասկածներ ունի դատարանի անկողմնակալության վերաբերյալ, և խնդրել է հետաձգել նիստը՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Նիստը հետաձգելու միջնորդության վերաբերյալ մերժում ստանալուց հետո պաշտպանը լքել է նիստերի դահլիճը:
Այսօրվա նիստին մեղադրող դատախազները պետք է հրապարակեին գործով մեղադրական եզրակացությունը: Պաշտպանի բացակայության պայմաններում, սակայն, նիստը հետագձվել է: