Կախեթիում Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հինգ մարդու, որոնք անդամագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նրանք պատրաստվել են մեկնել Սիրիա՝ ահաբեկիչների ճամբար: Ձերբակալվածները Վրաստանի քաղաքացի են, որ հավատարմություն են հայտնել ահաբեկչական խմբավորման ղեկավարին:
*****
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եվրոպական շրջագայությունն սկսել է Հունգարիայից: Մինչև օգոստոսի 27-ը նա կայցելի նաև Ավստրիա և Իտալիա: Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հարաբերությունների քննարկում, Աֆղանստանի հարցը վերաբերյալ բանակցություններ: Լավրովը Հունգարիայի հետ հարաբերությունը պրագմատիկ է անվանել:
*****
Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ կկնքի C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր: Հայտնել է ռուսական «Рособоронэкспорт» ընկերության գլխավոր տնօրենը և ընդգծել, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն մտել են եզրափակիչ փուլ: Կողմերի միջև C-400 համակարգերի առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից շուտ։
*****
Ուկրաինայում կայացել է «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը: Նախագահ Զելենսկիի նախաձեռնած այդ ֆորումին դեմ է Ռուսաստանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովի անցկացումն անվանել է հակառուսական և Մոսկվայի հանդեպ ոչ բարեկամական: Գագաթնաժողովին մասնակցել է 46 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Թուրքիան: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ «Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,- ասել է Չավուշօղլուն և նշել, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին ՝ ցույց տալու իր աջակցությունը Ղրիմի թաթարներին։ Մոսկվայի պատասխանը չի ուշացել: Արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ֆիքսել է միջոցառմանը մասնակցած երկրների դիրքորոշումները և համապատասխան եզրակացություններ կանի:
*****
Այսօր Ուկրաինան նշում է Անկախության 30-ամյակը: Տոնական միջոցառումներից ամենաուշագրավը ռազմական շքերթն էր, որն անցկացվել է Կիևի կենտրոնում: Շքերքին մասնակցել է ծանր զրահատեխնիկա և օդուժ։ Անցած տարիներին` 2019-2020-ին, նախագահ Զելենսկին արգելել էր Անկախության օրվա զորահանդեսները՝ պատճառաբանությամբ, որ զինտեխնիկան պետք է լինի առաջնագծում և ոչ թե վերածվի ցուցադրության առարկայի:
*****
Սեպտեմբերի 12-ին կարող է ավարտվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը գերմանական հատվածում՝ հայտնում է «Բլումբերգը»: Գազատարի կառուցմանը դեմ էր ԱՄՆ-ն, բայց նախագահ Բայդենին և կանցլեր Մերկելին հաջողվել է համաձայնության հասնել: Վաշինգտոնը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2-րդի» կառուցումը կմեծացնի Եվրոպայի կախվածությունը Մոսկվայից: Կրեմլը հերքում է այդ ենթադրությունները՝ պնդելով, որ այս նախագիծը կամրապնդի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
*****
«Թալիբանն» արդեն նշանակումներ է անում: Աֆղանստանն ունի Կենտրոնական բանկի ղեկավարի նոր պաշտոնակատար։ ԿԲ նոր ղեկավարի հիմնական հանձնարարությունը կլինի պետական ֆինանսական և բանկային ինստիտուտների աշխատանքի կազմակերպումը և բնակչության խնդիրների լուծումը։ Աֆղանական հաշիվների մեծ մասը սառեցված է ամերիկյան բանկերում:
*****
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղանստանցի փախստականներին։ «Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Բոլոր այն հայտարարությունները, որ այս թեմայով տեղ են գտել ԶԼՄ-ներում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն:
*****
Աֆղանստանում ստեղծված իրավիճակը կքննարկվի «Մեծ յոթնյակի» պետությունների արտահերթ հանդիպման ընթացքում: Ոորոշ պետությունների ղեկավարներ առաջարկում են քննարկել թալիբների դեմ պատժամիջոցների հարցը: Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը, հայտնում է, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները զավթել են որոշ քանակությամբ ռազմական օդանավեր, ուղղաթիռներ և հրթիռներ, ինչը հարուցել է ԱՄՆ մտահոգությունը: «Թալիբանը» պահանջում է, որ բոլոր օտարերկրյա ուժերը լքեն երկիրը` մինչև օգոստոսի 31-ը: The Washington Post-ը հայտնում է, որ ԱՄՆ կենտրոնական հետաքննական բյուրոյի տնօրեն Ուիլյամ Բյորնսը երկուշաբթի գաղտնի հանդիպել է «Թալիբանի» քաղաքական առաջնորդի հետ՝ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ: Ըստ աղբյուրի՝ Բյորնսը քննարկել է Աֆղանստանից ամերիկացիների տարհանման հարցը: