Խորհրդարանում՝ Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման երկրորդ հատվածն այսօր լարված անցավ: Վարչապետին հարց ուղղելու համար հերթագրվեց 21 պատգամավոր. մեծ մասը՝ ընդդիմադիրներ էին: «Պատիվ ունեմից» Աննա Մկրտչյանը Փաշինյանին դիմելով «էս անձնավորությունը» բառակապակցությամբ՝ հայտարարեց՝ խորհրդարան են բերվել մեծ թվով թիկնապահներ: Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեցին «Քաղաքացիական պայմանագրից» ու բանավեճին միջամտեց նիստը նախագահողը: Ալեն Սիմոնյանը նկատողություն տվեց երկու կողմերին էլ:
Կրքերը, սակայն, ավելի սրվեցին, երբ Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է արձագանքում իր թիմակիցների ռեպլիկներին, Նիկոլ Փաշինյանը դրանք գնահատեց մեղմ: Տեղից արձագանքելու համար Սիմոնյանը որոշեց Աննա Մկրտչյանին հեռացնել դահլիճից: Պատգամավորը մնաց նստած, ԱԺ նախագահն էլ ներս հրավիրեց անվտանգություն աշխատակիցներին:
Ընդիմիջումից հետո արդեն վարչապետն արդրադարձավ Տիգրան Աբրահամյանի դիտարկումներին: Նկատեց՝ դրանք պարզաբանման կարիք ունեն, թեև պատգամավորն այդ պահին դահլիճում չէր: Հնարավո՞ր է արդյոք նոր պատերազմից խուսափելու համար տարածքներ զիջվեն հարցադրմանը Փաշինյանն արձագանքեց՝ եթե այդպես լիներ, նախորդ երեք տարվա ընթացքում Կառավարությունը կզիջեր բոլոր այն տարածքները, որոնց զիջման մասին 25 տարի բանակցային գործընթաց է ընթացել:
Իսկ ինչո՞ւ վերջին երեք տարիներին «Քաղաքացիական պայմանագիրը» չի փոփոխել այդ՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքը՝ սա էլ հարցրեց Արթուր Խաչատրյանը:
Ընդդիմադիր խմբակցության՝ երկրի ղեկավարին ուղղված բոլոր հարցերը պատերազմի, դրա հետևանքների ու 2018-ից հետո բանակցային գործընթացին էին վերաբերում: Գեղամ Մանուկյանը հիշեցրեց պատերազմի առաջին օրը, նաև դրա ընթացքում Փաշինյանի արած հայտարարությունները, ֆեյսբուքյան գրառումները, պնդելով՝ դրանց մեջ հակասություններ կան:
Եղե՞լ է դավաճանություն, թե՞ ոչ, ո՞վ է մեղավոր, այս ու մյուս նման հարցերը քննության առարկա կդառնան 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, որի ստեղծման մտադրության մասին իշխանությունն արդեն իսկ հայտարարել է՝ նշեց Փաշինյանը: Դիմելով ընդդիմադիրներին էլ՝ նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո գոյություն ունեցած դիսկուսը լուծելու համար տեղի ունեցան արտահերթ ընտրություններն ու քաղաքացին կայացրեց իր որոշումը:
Դահլիճում կրքերը նորից լարվեցին «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանի հարցից հետո, որն Ալիև-Փաշինյան օպերատիվ կապի, նաև այն լուրերի մասին էր, թե Արցախի 7 շրջանների դիմաց Ադրբեջանի նախագահը 5 մլրդ դոլար է առաջարկել:
Դաշնակցական Աղվան Վարդանյանն էլ հետաքրքրվեց ԱԺ-ում և դրա շուրջ այսօր կուտակված մեծ թվով իրավապահների առկության մասին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև հերթով դատապարտեցին այսօր տեղի ունեցածը: Քաղաքական ուժի քարտուղարը դա հանցագործություն որակեց, պնդեց՝ ՊՊԾ հրամանատարը բռնի ուժ է գործադրել, իսկ միջադեպը սադրել է իշխանությունը: Արծվիկ Մինասյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ ՊՊԾ-ն կատարում է օրենքով սահմանված պարտակությունները և ինքը քաջալերում է նրանց այդ հարցում:
Աշխատանքային ժամի ավարտին նիստը հետաձգվեց: Վաղն արդեն ելույթների հերթն է, 46 պատգամավոր է մոտենալու ամբիոնին: