ՌԴ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «С-400» ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿՎԱՃԱՌԻ
Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքի՝ հայտնել է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենը և ընդգծել, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են մտել։
Կողմերի միջև С-400 համակարգերի առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից շուտ։
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՂՐԻՄԸ ՌԴ ԿԱԶՄՈՒՄ
Ուկրաինայում կայացել է «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովը: Նախագահ Զելենսկու նախաձեռնած այդ ֆորումին դեմ է Ռուսաստանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովի անցկացումն անվանել է հակառուսական և Մոսկվայի հանդեպ ոչ բարեկամական միջոցառում:
Գագաթնաժողովին մասնակցել է 46 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Թուրքիան: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,- ասել է Չավուշօղլուն և նշել, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին՝ ցույց տալու իր աջակցությունը Ղրիմի թաթարներին։
Մոսկվայի պատասխանը չի ուշացել: Արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ֆիքսել է միջոցառմանը մասնակցած երկրների դիրքորոշումները և համապատասխան եզրակացություններ կանի:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ-2»-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Սեպտեմբերի 12-ին կարող է ավարտվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը գերմանական հատվածում՝ հայտնում է Բլումբերգը: Գազատարի կառուցմանը դեմ էր ԱՄՆ-ը, բայց նախագահ Բայդենին և կանցլեր Մերկելին հաջողվել է համաձայնության հասնել: Վաշինգտոնը կարծում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը կմեծացնի Եվրոպայի կախվածությունը Մոսկվայից: Կրեմլը հերքում է այդ ենթադրությունները՝ պնդելով, որ այս նախագիծը կամրապնդի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
«ԹԱԼԻԲԱՆԸ» ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
«Թալիբանն» արդեն նշանակումներ է անում: Աֆղանստանն արդեն ունի Կենտրոնական բանկի ղեկավարի նոր պաշտոնակատար։ ԿԲ նոր ղեկավարի հիմնական հանձնառությունը կլինի պետական ֆինանսական և բանկային ինստիտուտների աշխատանքի կազմակերպումը և բնակչության խնդիրների լուծումը։ Աֆղանական հաշիվների մեծ մասը սառեցված է ամերիկյան բանկերում:
Նորից լարված է վիճակը Քաբուլի օդանավակայանում: Օգոստոսի 23-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ընդհարման հետևանքով 7 մարդ է մահացել։