«Նոյեմբերի 9-ից հետո մեր կարևոր անելիքներից մեկը կա ու մնում է մեր բանակի, զինված ուժերի արդիականացումն ու բարեփոխումները: Պետք է նաև ընդգծեմ, որ բարեփոխումների մեր օրակարգը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես պատերազմ սկսելու մտադրություն, սա որևէ կապ չունի իրականության հետ, որովհետև ՀՀ-ն ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այս բնագավառում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն ՀՀ զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը:
«Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի: Ռազմավարական առումով Հայաստանը անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի զորահավաքային ու ժամկետային զինծառայության կառուցվածը: Մենք կարևոր ենք համարում նաև բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խոսեց ռազմական կրթության որակի էական բարձրացման մասին, նաև կարևորեց կանանց առավել մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում:
«Կանանց ներգրավվածության թեզը չունի որևէ գաղափախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով. կանայք բնակչության մեծամասնությունն են, և նրանց ռեսուրսի ներգրավումը որևէ ոլորտում նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում: Ասվածը չի նշանակում, թե կանայք բանակում նույնքան ներգրավված պետք է լինեն, որքան տղամարդիկ, խոսքը պոտենցիալը հնարավորինս լիարժեք օգտագործելու մասին է»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բանակի բարեխումների արդիկանացման գործընթացում կարևոր է ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ համագործակցությունը: Փաշինյանը տեղեկացրեց՝ ՌԴ-ի հետ կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ:
«Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ճշգրտել, թե ինչ նկատի ունենք պրոֆեսիոնալ բանակ ասելով և ինչով է տարբերվում մինչ այս հայտնի պայմանագրային զինծառայությունից: Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ պայմանագրային հիմունքով զինծառայության են ներգրավում այլ գործով ու մասնագիտություններով զբաղվող մարդկանց, որոնք ծառայում են որոշակի ժամկետով, իսկ մյուս ժամանակահատվածում զբաղվում են իրենց գործերով: Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ նկատի ունենք հետևյալը, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ՝ 7 օր, տարվա մեջ՝ 12 ամիս»,- ասաց նա:
Վարչապետը նաև շեշտեց, որ նպատակ ունեն էականորեն փոխել ժամկետային զինծառայության կառուցվածքը, ժամկետները, մեծ ուշադրություն դարձնել պահեստազորի պատրաստման աշխատանքներին: