Գարիկ Պողոսյան (Գավառ քաղաքի բնակիչ) - Էս բահը տեսնելուց էնքան խորացա՝ մտածելով է բահի աշխատանքի մասին, թե առօրյայում ինքն ինչքան պետքական է եղել, ինչքան են օգտագործել, ինչքան է ջարդվել, սարքել են: Ու էն ժամանակները իրենք հնարավորություն չեն ունեցել երկաթից բահ առնեն:
Իրենց հին տան կտուրի տանիքից գտած այս բահն ու դրա շուրջ մտորումները Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Գարիկ Պողոսյանին մտովի տեղափոխում են հին ժամանակներ՝ երբ ամեն ինչ շատ ավելի դժվար էր՝ անգամ հաց թխելը, երբ աշխատանքային գործիքներն ինքնաշեն էին և գործածման համար պահանջում էին ձեռքի ու մեջքի ամրություն: Հավաքել, պահել այդ գործիքներն ու պատմել դրանցով իրականացված ամենօրյա ծանր աշխատանքի մասին. անցնում է Գարիկի մտքով, ու դա դառնում է հոբբի:
Երբ բահին միանում է նաև բարեկամից նվեր ստացված սանդերքը, հետո արդեն՝ իրենց նախնիներից մնացած կենցաղային իրերը, Գարիկը, ընտանիքի աջակցությամբ, ձեռնամուխ է լինում դրանց ցուցադրմանը: Հայրական տան բակը վերածում է թանգարանի: Նրա հետաքրքրությունների մասին տեղեկությունը շուտով դուրս է գալիս բարեկամների նեղ շրջանակից, և տանը հին իրեր ունեցողները սկսում են դրանք Գարիկին նվիրել: Այգի-թանգարանը հարստանում է նոր ցուցանմուշներով՝ օր օրի վերածվելով այցելության հրապուրիչ վայրի: Շարքից դուրս եկած ոչ պիտանի որևէ իր դեն չի նետվում: Դրանք, որպես կանոն, ձևափոխում են և այլ նպատակով օգտագործում:
Այգու մեջտեղում նշանավոր մեդալակիր ինքնաեռն է՝ բուժիչ խոտաբույսերից պատրաստված անուշաբույր տաք թեյով լի: Պողոսյանների այգի-թանգարանից ոչ ոք չի հեռանում առանց հյուրասիրության: Իմ տանը՝ իմ օրենքներով. ասում է Գարիկը, եթե որևէ մեկը հյուրասիրությունից հրաժարվելը պատճառաբանում է շտապելու հանգամանքով: Երիտասարդի հաջորդ նպատակը հյուրատուն կառուցելն է: Հենց հիմնարկեքի օրը երազանք է պահել՝ թե ով է լինելու առաջին հյուրը:
Գարիկ Պողոսյան - Ուզում եմ, երբ հյուրատունը կառուցվի, իմ առաջին հյուրը լինի մեր վարչապետը: Ես իրենց մեծ սիրով հյուր եմ ընդունելու: Ջանանք այդ օրվա համար:
Այգի-թանգարանում նաև կազմակերպվում են աստիճանաբար մոռացության մատնվող ավանդական արհեստների վարպետաց դասեր: Դրանք հնարավորություն կտան նախ ճիշտ մասնագիտություն ընտրել, հետո՝ աշխատանք ունենալ. համոզված է Գարիկը՝ մանավանդ որ արհեստների տիրապետող տարեց վարպետներն արդեն կարիք ունեն հետնորդների:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան