Հայաստանի բանկերի միության պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի բանկերի միության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Արցախի պետական նախարարը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի առաքելությունը՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով ու գործով, այլ նաև հաճախակի այցելություններով:
Ընդգծելով արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է վերջինիս ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու ծրագրերին մասնակցելու պատրաստակամությունը։
«Բանկերը մշտապես իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, որոնք վերաբերում են տնտեսությանը և ֆինանսական ոլորտին: Անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվել է նաև այլ նախաձեռնությունների շրջանակում: Նոր ուսումնական տարվա նախաշեմին բանկերի կողմից որոշում կայացվեց աջակցություն ցուցաբերել Արցախի դպրոցներին և նվիրաբերել համակարգչային տեխնիկա, այդպիսով նպաստելով ուսումնական գործընթացի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Սեյրան Սարգսյանը:
Արցախի պետական նախարարի հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ դպրոցահասակ տարիքի երեխաների և մեծահասակների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
ԱՀ պետական նախարարի հետ հանդիպման ավարտին ՀԲՄ պատվիրակությունը հանդիպել է նաև դպրոցների տնօրենների հետ: Ցուցաբերված աջակցության ծրագրով շուրջ 3900 աշակերտ ունեցող Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունիի և Մարտակերտի թվով 15 դպրոցներին նվիրաբերվել է 48 համակարգիչ, 11 բազմաֆունկցիոնալ սարք և 7 տպիչ: