Հայաստանի Զինված ուժերի արդիականացում և սպառազինության համալրում. հենց այս առաջնահերթություններով էր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցում Ռուսաստանի Դաշնությունում «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, որի շրջանակներում մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտպանական արդյունաբերության ժամանակակից սպառազինություն արտադրող, այդ ոլորտում արդեն հնաբնակ ու առաջատար ռուսական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Արշակ Կարապետյան, ՀՀ պաշտպանության նախարար - Ունենք լիովին աջակցություն, գործնական քայլեր ենք անելու Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Պլանավորում ենք ունենալ որակով և նոր սպառազինություն, հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, դա մեր նոր քաղաքականույթունն է: Ավելի լավ է քիչ, բայց որակով: Համոզված լինենք, որ այն գործելու է:
Մարտական ինքնաձիգ և դիպուկահար զենքի խոշորագույն ռուսական արտադրողի՝ «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարության հետ հանդիպումը նախ հրաձգարանում էր, ապա գրասենյակում: Նախարարը շրջեց նաև կազմակերպության տաղավարներում: Ռուսաստանի հրաձգային ոլորտի առաջատարը, որին բաժին է ընկնում հրաձգային զենքի արտադրության շուրջ 95 տոկոսը, այս տարի ներկայացնում է նաև հետախուզական բնույթի անօդաչուներ ու զրահաբաճկոններ:
Կոնցեռնի ձեռնարկություններն արտադրում են ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլև ռազմական և քաղաքացիական նշանակության մասնագիտացված համալիրներ, ինչպիսիք են հեռահար կառավարմամբ մարտական մոդուլները, անօդաչու թռչող սարքերը և հատուկ նշանակության բազմաֆունկցիոնալ մոտորանավակները: Արտադրանքը մատակարարվում է աշխարհի ավելի քան 27 երկրներ։ Կարապետյանը ծանոթացավ նաև միջազգային ցուցահանդեսին ներկայացված նորագույն անօդաչուների աշխատանքին:
Արշակ Կարապետյան - Պետք է փորձենք ունենալ սեփական զենքի արտադրություն, այստեղ նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով: Մենք՝ որպես ազգ, պետք է ունենանք սեփական զենք:
Այս պարագայում պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծում է՝ նախարարության և արտադրող ընկերության միջև չպետք է լինեն միջնորդներ:
Արշակ Կարապետյան - Այս երեք պայմանները պահպանելու դեպքում ունենալու ենք նոր, արդիականացված բանակ՝ 21-րդ դարին համահունչ և կարողանալու ենք դիմակայել առկա վտանգներին:
Նախարարը հանդիպումների ընթացքում ռուսական կողմի հետ քննարկեց հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ, շոշափեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։