Տեխնոլոգիական 16 ուղղությամբ անվճար դասընթացներ Արցախյան պատերազմի մասնակիցների համար: Իրականացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Ծրագրին դիմել է 2291 մարդ:
Անահիտ Խաչատուրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետի տեղակալ) - Պատերազմի մասնակիցները կարող են գրանցվել՝ անցնելով ընդունելության ընթացակարգը, ուղղակի լրացնում են համապատասխան գրանցման թերթիկը, որտեղ նշում են, որ իրենք պատերազմի մասնակիցներ են, կցում են համապատասխան փաստաթղթեր և անցնում են ընդունելության կարգը, այսինքն՝ քննություն են հանձնում:
Դասընթացներն արդեն մեկնարկել են: Ավելի քան 29 երիտասարդ հիմնականում առցանց ձևաչափով մասնակցում է մասնագիտական դասընթացների: Նախարարությունը համագործակցում է 8 տեխնոլոգիական կազմակերպությունների հետ:
Սամվել Աշոտյան (ծրագրի մասնակից) - Դասընթացներն անցկացնում են շուկայի լավագույն մասնագետները և շատ բարձր որակով: Դասընթացների ընթացքում անցկացնում ենք և՛ տեսական, և՛ գործնական պարապմունքներ; Նաև գործնական պարապմունքների ժամանակ իրական կյանքում կիրառում ենք մեր ստացած գիտելիքները:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանում և Արցախում իրականացնել ոլորտի շուրջ 4500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցում: Տիգրանը մոտ մեկ ամիս է՝ մասնակցում է տեխնոլոգիական դասընթացների, արդեն հասցրել է աշխատանք գտնել:
Տիգրան Սողոմոնյան (ծրագրի մասնակից) - Մասնագետները, որ անցկացնում են դասերը, հմուտ դասախոսներ են, դասընթացները բարձր մակարդակով են անցկացվում: Այնպես չի լինում, որ դու հարց ունենաս, նենց չի լինի՝ պատասխանը չստանաս, կամ քո խնդիրը չլուծվի:
Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Միջոցառման նպատակն է աջակցել պատերազմի մասնակիցներին մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, հետագայում արդեն աշխատանքի ընդունվելու գործում: Այդ կերպ գերատեսչությունը փորձում է լրացնել նաև տեխնոլոգիական ոլորտում թափուր հաստիքները:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան