Արդեն 12-երորդ անգամ խորովածի մայրաքաղաք Ախթալան հյուրընկալել էր խորովածասերներին՝ Հայաստանի տարբեր հատվածներից, Ռուսաստանից ու Վրաստանից: Մասնակցում էին թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական խոհարարությամբ զբաղվողները:
Սեդրակ Մամուլյան («Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ) - Տարածաշրջանի մեր հայրենակիցները սպասում են այս միջոցառմանը: շատ կարևոր է: Տեսեք՝ բոլորը, անկախ սոցիալական շերտերից, շփվում են իրար հետ, խոսում են, զրուցում են, կիսվում են, նախագծում են, պլանավորում են: Սա շատ կարևոր է:
Փառատոնը կազմակերպել էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպությանը, Ախթալայի համայնքապետարանն ու Լոռու մարզպետարանը։ Նպատակը մեկն է՝ ավելի ճանաչելի դարձնել հայկական խոհանոցի ավանդական ուտեստը՝ որպես խոհանոցային մշակույթի անբաժանելի մաս:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Այս միջոցառումը նպաստում է զբոսաշրջության զարգացման, միջմշակութային երկխոսության: Ոչ միայն գեղեցիկ միջոցառում է, այլ իր գործառույթն է իրականացնում, որը կբերի մարզերի համաչափ զարգացման, սոցիալ-տնտեսական զարգացման և այլն:
Շուրջ 30 խմբերի և անհատների հնարավորություն էր տրվել ստեղծագործելու, պատրաստելու կերակուրը բազմապիսի համեմունքներով՝ յուրաքանչյուրն իր տարածաշրջանին բնորոշ ձևով:
Սեդրակ Մամուլյան - Խոհարարն էստեղ կարող է խոհ արարել, ոչ թե կերակուր պատրաստել, այլ խոհ արարել և այստեղ մասնակցում են ամենաառաջատար խորոված պատրաստողները Հայաստանի:
Այցելուներն էլ ամենահամեղ միջավայրում կարողացան համտեսել խոզի, տավարի, գառի, ձկան, սնկի, բանջարեղենի և նույնիսկ մրգի խորովածներ: Դիմակայել այս բույրին անհնար է:
Անդրանիկ Մակինյան (գյուղատնտես) - Տարածաշրջանում կուկուռուզի խորոված չկա, կուկուռուզը շատ համեղ խորոված ա: Ես նախընտրում եմ կուկուռուզ, քան խորոված միս:
Բագրատ Ավակիմյան («Հատիս» թիմի ավագ խոհարար) - Էս կոնկրետ կոնյակով ա պատրաստվում, վրեն կոնյակ ենք շփում իրա, բայց ընդհանրապես մենք իրան տալիս են սթեյքի տեսքով, բլյուչի սոուսով, որ ավելի արտահայտիչ ա: Ինքը չի զգացվում ձմերուկ ա, վերջում ա զգացվում իրա համը, որ ձմերուկի համ ա:
Մրցույթի մասնակիցները պայքարում էին երեք անվանակարգերում: «Լավագույն մտահղացում» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրեց և ոսկե մեդալով պարգևատրվեց Ռուսաստանից ժամանած «Պարադիս Խիմկի» ռեստորանի թիմը, «Լավագույն տեսք» անվանակարգում՝ Արագածոտնի մարզից «Արսենի խոհանոցը», «Լավագույն համ» անվանակարգում՝ Լոռու մարզի «Անգար» ռեստորանի թիմը, Գլխավոր մրցանակին արժանացավ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցը: Մրցույթ-փառատոնին բացի մշտական այս անվանակարգերից ներկայացված էր նաև Լավագույն տաղավար անվանակարգը, որին արժանացավ Թուֆենկյան հյուրանոցների ցանցը:
Բագրատ Ավակիմյան - Կարևորը մասնակցությունն ա, մենք հաղթած ենք էնքանով, որ դուք եկել եք հարցնում եք մեզ բաղադրատոմսըը ու ոչ միայն դուք, այլ շատ մարդիկ: Դա ամենամեծ հաղթանակն ա հավատացեք:
ՀԿԴ - Կազմակերպիչները խոստանում են՝ հաջորդ տարի ավելի բարեկարգ պայմաններում կանցկացվի միջոցառումը: Մտահղացումներ կան, որոնք նոր շունչ կհաղորդեն փառատոնին:
Արկադի Թամազյան (Ախթալայի համայնքապետ) - Մյուս տարվա մեր ծրագրերում փորձելու ենք մեր մարզադաշտը ևս ներառենք և վերակառուցենք, ինչը կնպաստի տուրիստների այցելությունների ավելացմանը:
Խորովածի հաճելի բույրը զբոսաշրջրիներին և հյուրերին կրկին կհամախմբի մեկ տարի անց:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան