«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանը կառավարող խորհուրդ ձևավորել: Այն կունենա 12 անդամ և կներառի նաև երկրի նախկին կառավարության որոշ անդամների: Այս մասին հայտնում է Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով իր աղբյուրները:
Այս տվյալների համաձայն՝ խորհրդի երեք ամենաազդեցիկ անձինք պետք է լինեն «Թալիբանի» քաղաքական թևի առաջնորդ Մոլա Աբդուլ Ղանի Բարադարը, Թալիբանի ռազմական հանձնաժողովի ղեկավար Մուլավի Յակուբը, ինչպես նաև «Հաքանի» ցանցի դաշտային հրամանատար ու ղեկավար Սիրաջուդին Հաքանին:
Պարբերականը նշում է, որ թալիբները չեն ցանկանում վերականգնել Աֆղանստանի կամ որևէ այլ միանձնյա ղեկավարի պաշտոն: Նրանք մտադիր են ձևավորվող խորհուրդը դարձնել հնարավորինս ներառական` միջազգային հանրության կողմից ճանաչման հնարավորությունները մեծացնելու համար: