Գունավոր ու գանգրավոր, հարթ ու կանաչ հազարի մի քանի տեսակ մեկ ջերմատանը: Դեռևս երկու տարի առաջ Վահեն որոշեց զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ընտրությունը կանգ առավ հիդրոպոնիկ եղանակով հազարի մշակության վրա։
Վահե Ոսկանյան (ջերմոցային տնտեսության համահիմնադիր) - Մենք հազարի մի քանի տեսակ ունենք ներկայիս պայմաններում, ունենք սովորական տեսակները, և ունենք կարմիր դեկորատիվ տեսակը, այնտեղ ունենք կանաչ խուճուճ տեսակը:
Հիդրոպոնիկ եղանակով հազարի մշակությունը Հայաստանում լայն տարածում չունի, թեև տեխնոլոգիան հնարավորություն է տալիս առավելագույնս արդյունավետ օգտագործել տարածքը և խնայել ռեսուրսները։
Վահե Ոսկանյան - Այս տեխնոլոգիայով մենք կարողանում ենք 2-3 անգամ ավելի շատ բույս տեղավորել:
Անհրաժեշտ բոլոր տարրերը փոխանցվում են ջրի միջոցով: Դրա շնորհիվ էլ այն աչքի է ընկնում իր սննդային և համային հատկանիշներով։ Սածիլից մինչև փաթեթավորում իրականացվում է մեկ վայրում։
Կարինե Կարապետյան (աշխատակից) - Ծլարանից տեղափոխում ենք հատուկ լույսի տակ, հետո՝ 12-րդ օրը, որ բույսի արդեն չորրորդ տերևը դուրս է գալիս, նոր տեղափոխում ենք բաժակների մեջ, հետո նոր խողովակների մեջ ենք դնում։
Իրացումն իրականացվում է տեղական շուկայում։ Հիմնական գնորդներն են սննդի կետերը և առևտրային կենտրոնները։
Կարինե Կարապետյան - Սա հավաքում ենք, մենք պատվեր ունենք, պետք է պատվիրատուին հասցնենք: էսպես հանում ենք հետո մշակում ենք, փաթեթավորում ենք, ուղարկում ենք պատվիրատուին։
Օդափոխման, ջեռուցման և լուսավորման համակարգերն ավտոմատացված են։ Արտադրական ծախսերը նվազեցնելու համար ՄԱԶԾ դրամաշնորհային ծրագրով տեղադրել են էներգիայի ստացման այլընտրանքային կայաններ։ Դա հնարավորություն է տալիս ամսական զգալի գումար տնտեսել:
Վահե Ոսկանյան - Դիմել ենք USAID CARD ընկերությանը, իրենք տեղարդրել են արևային վահանակներ, որի միջոցով մենք էլեկտրաեներգիայի զգալի խնայողություն ենք կատարել: Վահանակների տեղադրման արդյունքում մենք խնայում ենք մոտավորապես 100-120000 դրամի գումար։
Դեռևս մեկ տարի առաջ հիմնված ջերմատունը հինգ աշխատակից ունի: Առաջիկայում նախատեսվում է նոր ջերմոց հիմնել, ավելացնել արտադրական ծավալներն ու աշխատակիցների թիվը։
Վահե Ոսկանյան - Ուզում ենք պետական աջակցության ծրագրերին մասնակցենք ջերմոցը ավելացնելու և մեր հազարի արտադրությունը շատացնելու, մարդկանց լավ, որակյալ բանջարեղենով ապահովելու համար։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան