Ավելի գունեղ, ինտերակտիվ և ուսուցողական: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ներկայացնում է երեխաների համար նախատեսված գրականության վերջին նորությունները:
Արմեն Մարտիրոսյան («Անտարես» հրատարակչության տնօրեն) - Այս ամենն իրականություն չէր դառնա, եթե չլիներ պետության աջակցությունը՝ ասում է Արմեն Մարտիրոսյանը: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրով արտոնյալ վարկը հնարավորություն է տվել ընկերությանը վճարել աշխատակիցների աշխատավարձերն ու ձեռք բերել անհրաժեշտ հումքը:
Արմեն Մարտիրոսյան - Մեր փրկության գինն էր: Մենք կարողացանք դրանով շարունակել մեր գործունեությունը, որը որ չլիներ՝ էապես ավելի դժվար կլիներ:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումն իրականացվում է 2020 թվականի մարտից: Մինչև այժմ ծրագրից օգտվել է 1762 տնտեսվարող, իսկ բավարարված վարկային հայտերի ծավալը գերազանցել է 104 մլն դրամը:
Էլինա Սիմոնյան (Էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության մասնագետ) - Սահմանափակման պայմաններում մի շարք տնտեսվարողների համար, հատկապես այն տնտեսվարողների համար, ովքեր ամենաշատն էին տուժել կորոնավիրուսի սահմափակումներից, իրենց համար ստեղծել իրացվելիության խնդիրների լուծման ժամանակավոր ուղղություններ, տրամադրել մատչելի ֆինանսական միջոցներ, քան իրենք կարող էին ձեռք բերել, որպեսզի իրենք կարողանային հարմարվել ճգնաժամային պայմաններին, վերադասավորել իրենց գործունեությունը:
Միջոցառումը հնարավորություն է տվել վճարել աշխատավարձերը, ձեռք բերել հումք և սարքավորումներ, վճարել հարկերն ու կոմունալ ծառայությունների դիմաց: Սուբսիդավորման չափը պայմանավորված է, թե ինչ նպատակով է վարկը տրամադրվել:
Միջոցառումը նախատեսվում է շարունակել այնքան, որքան կպահանջվի: Ծրագիրն այս ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների՝ ավելի արտոնյալ պայմաններ ընձեռելով տնտեսվարողներին:
Մինչ այս տնտեսվարողները կարող էին ստանալ մինչև 250 մլն դրամ վարկային միջոց, այժմ արդեն մինչև 1 մլրդ դրամ:
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում մեկ տարի բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողները: Միջոցառումը նպատակ ունի օժանդակելու նաև Սյունիքում շինարարական գործունեություն իրականացնողներին:
Միջոցառման նպատակն է զարգացնել նաև բիզնեսի կորպորատիվ կառավարման մշակույթը: Օժանդակություն ստացած տնտեսվարողները վարկի ստացման օրվանից 90-օրյա ժամկետում պետք է վերակազմակերպվեն բաժնետիրական ընկերության և ներկայացնեն կորպորատիվ կառավարման պրակտիկայի վերլուծության ամփոփ հաշվետվություն:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան