Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է սոցիալ-հոգեբանական ծառայություններ տրամադրել աուտիզմ ունեցող անձանց։
Վերոնշյալ գործընթացը Լոռու մարզում իրականացնելու նպատակով նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է ավելի քան 14 մլն դրամ։
«Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակում նախ իրականացվում է շահառուների կարիքների և կարողությունների գնահատում, ապա անհրաժեշտ աշխատանքներ են տարվում խոսքի և հաղորդակցման, ճանաչողական հմտությունների զարգացման և գիտելիքի ձևավորման ուղղությամբ։
Ցերեկային կենտրոնում մասնագետները ձևավորում և զարգացնում են աուտիզմ ունեցող անձանց ինքնասպասարկման, կենցաղավարման և ինքնուրույն կյանք վարելու հմտությունները։ Շահառուների զբաղվածությունն ապահովվում է տարբեր խմբակներում կազմակերպվող դասընթացների միջոցով, տրամադրվում են մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, կազմակերպվում մշակութային միջոցառումներ։
Լոռու մարզում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Առավոտ» հասարակական կազմակերպության միջոցով։