Զինված ուժերի արդիականացում, արտաքին հետախուզական ծառայության ստեղծում, տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակի կրկնակի նվազում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, ժողովրդագրական աճ։ Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը բաղկացած է 6 հիմնական մասից: Դրանցում ոլորտ առ ոլորտ ներկայացված է երկրի զարգացման գործադիր մարմնի տեսլականը:
Անվտանգություն և արտաքին քաղաքականություն
Հայաստանի կառավարության մոտակա 5 տարիների զարգացման ծրագրի անկյունաքարային դրույթներից մեկը վերաբերում է բանակին և ազգային անվտանգությանը: Գործադիրը նախատեսում է Զինված ուժերում իրականացնել կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ՝ ռազմավարական հեռանկարում ունենալով աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակի։
Առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայությողների աճին: Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման, նոր նմուշների ձեռքբերման գործընթացը:
Առաջիկայում բանակը պետք է զբաղվի մարտական պատրաստվածության և մարտունակության բարձրացման հարցերով, իսկ պետական սահմանների պահպանությունը պետք է իրականացնեն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։
Կառավարության 5-ամյա ծրագրի համաձայն՝ Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես կվերազինվեն, կհամալրվեն որակյալ կադրերով, կիրականացվի մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման շարունակական գործընթաց։ Սա, ըստ ծրագրի դրույթների, գերակա խնդիր է հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի արդյունքներ գրանցելու համար։
Արցախյան հիմնախնդիր
Կառավարության ծրագրում ամրագրված է, որ առաջիկա 5 տարիներին գործադիրի գլխավոր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը, Արցախյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը:
Խնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ հայտնի սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Ծրագրում շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահելու Արցախի վերականգնումը, տեղահանված բնակիչների սոցիալական խնդիրների լուծումը, բարեկեցիկ կյանքի համար պայմաններ ստեղծելը:
Կայուն միջավայր տարածաշրջանում և ապաշրջափակում
Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը։ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ջանքեր կգործադրի նաև տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։ Միաժամանակ գործադիրը վստահեցնում է՝ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային ու կենսական շահերի հաշվին:
Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով՝ ասված է Կառավարության ծրագրում:
Տնտեսություն
Կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանի տնտեսությունն սկսել է վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի բացասական ազդեցությունից: Գործադիրը մինչև 2026 թվականը մտադիր է աղքատությունը կրճատել և գործազրկության մակարդակը 10 տոկոսից նվազեցնել, ինչպես նաև վերացնել ծայրահեղ աղքատությունը: Դրան հասնելու ճանապարհը ՀՆԱ-ի տարեկան 7 տոկոս աճն է, որը նշված է որպես թիրախ: Փաստաթղթում ընդգծված է, որ այս ցուցանիշի ապահովման դեպքում էականորեն կբարձրանա մարդկանց կյանքի որակը, եկամուտները և աշխատատեղերը:
Կառավարությունը նաև մտադիր է պայմաններ ստեղծել ներդրումների ծավալի և արտադրողականության աճի համար: Նշվում է, որ դրա համար անհրաժեշտ է բարելավել գործարար միջավայրը: Այդ նպատակով Կառավարությունը մտադիր է բարձրացնել կապիտալի և ֆինանսների, ենթակառուցվածքների և ռեսուրսների հասանելիությունը:
Դրա հետ մեկտեղ՝ լուրջ աջակցություն պետք է հատկացվի փոքր և միջին բիզնեսին՝ ՓՄՁ-ների մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 55 տոկոսի: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Կառավարությունը մինչև 2026 թվականը նախատեսում է ունենալ 35 հազար զբաղվածներ, և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, ինչը կկազմի ՀՆԱ-ի 6-7 տոկոսը՝ ներկայիս 4 տոկոսի փոխարեն:
Տրանսպորտ
Ըստ Կառավարության ծրագրի՝ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նորոգման ծավալները տարեկան պետք է հասնեն 500 կիլոմետրի: Նախատեսվում է թունելների և կամուրջների վերականգնում և կառուցում: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացում, մասնավորապես՝ Տնանշ-2 և Տրանշ-3 ճանապարհահատվածների աշխատանքների իրականացում և ավարտ:
Կկառուցվի Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր, Քաջարան-Ագարակ շուրջ 32 կիլոմետր ճանապարհը, ինչպես նաև պետք է նախագծել և սկսել փուլային իրականացնել Հյուսիս-Հարավի Արտաշատ-Սիսիան 175 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհահատվածի կառուցումը:
Ավարտին է հասցվելու Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերակառուցումը: Կառավարության հանձնարարականով, մոտակա հինգ տարիներին նախագծվելու է 15 ջրամբար, սկսվելու է դրանց կառուցումը: