ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացրել է, որ այսօրվանից դադարեցնում է իր աշխատանքը որպես առողջապահության նախարարի տեղակալ և պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում:
Սմբատյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական նվիրումի համար:
«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում առողջապահական համակարգի 40000-ից ավելի աշխատակիցներին, որոնք կատարել են իրենց պարտքը՝ երկրի և առողջապահական համակարգի բարդ ժամանակաշրջաններում` համավարակի և պատերազմի պայմաններում:
Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ:
Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
Նախարար Անահիտ Ավանեսյանին և նախարարության ղեկավար անձնակազմին մաղթում եմ բազում հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և հայտնում եմ պատրաստակամությունս՝ աջակցել ձեր կողմից վարվող մարդակենտրոն առաքելությանը, որտեղ էլ կգտնվեմ»,- գրել է Արտյոմ Սմբատյանը Ֆեյսբուքի իր էջում: