Այժմ Հայաստանում շրջանառվող վիրուսի գերակշիռ տեսակը «Դելտա» շտամն է, որն ավելի ագրեսիվ է և ճնշել է մյուս շտամներին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այս շտամով վարակման պարագայում մենք նկատում ենք հիվանդության երիտասարդացում և, իհարկե, ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը բժիշկների բարդ, դժվար գործն է՛լ ավելի է ծանրացնում: Սա ինչ է նշանակում, որ մենք կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչը մահճակալային ֆոնդի կիրառման առումով ավելի կբարդացվի:
Սիմպտոմների առումով ևս տարբերություն է նկատվում՝ ասաց նախարարը;: Ըստ նրա, եթե, օրինակ, համի, հոտի կորուստը բավական բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Ավանեսյանյանը ևս մեկ առանձնահատկություն է մատնանշում՝ վարակը երիտասարդացել է, ավելացել է մինչև 50 տարեկան հոսպիտալացված քաղաքացիների թիվը։
Առողջապահության նախարարը մի քանի օր առաջ հայտնել էր, որ արհեստական շնչառության սարքին են միացված երկու երիտասարդ՝ 20 և 28 տարեկան: Նրանք թեև չունեն քրոնիկ հիվանդություն, բայց ծայրահեղ ծանր վիճակում են:
Անահիտ Ավանեսյան - Տեսնում ենք, որ հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է: Եթե նախկինում հիվանդության վատթարացման օրերն ի հայտ գալուց 6-րդ, 7-րդ օրերին էր լինում, ապա այս պարագայում շատ դեպքերում անգամ 3-րդ, 4-րդ օրը մենք տեսնում ենք արդեն որոշակի հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների շեշտակի վատթարացում
Անդրադառնալով պատվաստումների իրականացման գործընթացին՝ Ավանեսյանն ասաց՝ մինչ այս պահը իրականացվել է 250 հազար պատվաստում, որոնց թվում են նաև օտարերկրյա քաղաքացիները: Նախարարի խոսքով՝ համալրված են պատվաստանյութերի պաշարները, մի փոքր ուշանում է միայն «Սպուտնիկ-Վի»-ի մատակարարումը:
Անահիտ Ավանեսյան - Պայմանավորված է արտադրական գործընթացների գերզբաղված լինելով: Առաջիկայում, հույս ունենք, կստանանք հաջորդ խմբաքանակը:
Մոտ մեկ շաբաթից կմեկնարկի ուսումնական տարին: Նախարարը հայտնեց, որ դասերը կանցկացվեն առկա ուսուցմամբ:
Անահիտ Ավանեսյան - Դասապրոցեսը կսկսենք նորմալ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Դրանք վերաբերում են դիմակներին: Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նաև երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական լինելու պահանջը: Բացառություն կլինեն պատվաստվածները և հղիները: Այս միջոցառումները պետք է օգնեն, որ չխաթարենք դասապրոցեսը:
Անահիտ Ավանեսյանը նաև հավելեց՝ կա մի քանի տասնյակ դեպք, երբ պատվաստված անձանց մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց հիվանդության ընթացը եղել է թեթև: Վարակակիրների թվի ավելացմանը զուգահեռ՝ հինդանոցներում վերաբացվում են նաև Քովիդ բաժանմունքները: