Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ մեր հարաբերություններին: ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական ու քաղաքական ոլորտներում երկխոսությունը:
«Պետք է ընդգծեմ ԱՄՆ վարչակազմի դերակատարումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձի գործում»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները:
«Քաղաքական ոլորտում առկա փոխգործակցությանը զուգահեռ կոնկրետ քայլեր են իրականացվելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար: Չեմ կարող գնահատականի խոսքեր չասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին, որը բացառիկ դեր ունի մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում և մենք հիմա տնտեսական կապերը ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միևնույն ժամանակ նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունության հաստատման համար, և մենք նաև այս հարցում գտնվում ենք սերտ գործակցության մեջ»,- ընդգծեց վարչապետը: