Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի կամ այսպես կոչված «Ֆիզգորոդոկ»-ի հարևանությամբ ապրող բնակիչները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ թույլ չտալով տարածքում 12 հարկանի բնակելի շինության կառուցումը:
Ակցիաների ընթացքում ոստիկանների հետ բախումներ են եղել: 9 քաղաքացի բերման է ենթարկվել, 1-ը՝ հոսպիտալացվել: Բնակիչների հիմնական դժգոհությունն այն է, որ բարձրահարկ շենքը կարող է խաթարել 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը: Բացի դրանից՝ նրանք նշում են, որ կհատվեն ծառերը, և կխախտվի նրանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը:
«Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նաև Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, քանի որ օրեր առաջ շինթույլտվությունը նա է տվել: Ակցիային զուգահեռ՝ բնակիչներից մի քանիսը հանդիպել են քաղաքապետի խորհրդականի և այլ պաշտոնյաների հետ:
Սեդա Գրիգորյան (բնակիչ) - 2.5 տարի շարունակ արհամարհել քաղաքացիներին և երկխոսել միայն կառուցապատողի հետ՝ մեզ արդարացիորեն թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել: Օրերս մեզնից թաքուն քաղաքապետը տվել է շինթույլտվություն: Հուլիսի 19-ին տրվել է շինթույլտվությունը հաջորդ օրն իսկ կառուցապատողը եկել է՝ սկսել է փորման աշխատանքներ անել:
Քաղաքապետարանից հակադարձում են՝ համակողմանի քննարկումներ են եղել: Իրենք գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և հիմք չունեին այդ շինթույլտվությունը չտալու:
Հակոբ Կարապետյան (Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար) - Քաղաքապետարանը որպես ելակետ ընդունել է այն փաստը, որ կառուցապատման հայտ ներկայացրած ընկերությունը ունի սեփականության իրավունք 2000-ականների կեսից: 2006 թվականին էլ եղել է ճարտարապետական նախագիծ, և դրանից հետո նույնպես գործընթացներ են եղել:
Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչ Հայկ Հարությունյանը հայտնեց, որ հանդիպման ժամանակ իրենք ներկայացրել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը: Պնդել են, որ հողամասը ապօրինի է սեփականաշնորհվել:
Հայկ Հարությունյան (բնակիչ) - Կան ակնհայտ հիմքեր պնդելու, որ հողը հափշտակվել է Հայաստանի Հանրապետությունից: Բարեխիղճ ձեռքբերողը այդ առումով պաշտպանված չէ, և սեփականատերը կարող է պահանջել այդ հողը հետ:
Հակոբ Կարապետյանը նշում է՝ եթե ըստ բնակիչների՝ տարածքը համայնքից անօրինական ձևով է օտարվել, ապա այդտեղ քաղաքապետարանը լիազորություններ չունի, պետք է զբաղվեն իրավապահները:
Հակոբ Կարապետյան - Եթե քաղաքապետարանը կստանա համապատասխան ձևով այդ ազդակը, որ այդ սեփականության իրավունքը վավեր չէ՝ ուրեմն դրանից բխող համապատասխան գործողություններ կանեն:
2004 թվականից սկսած՝ տվյալ տարածքը 2 անգամ վաճառվել է, և 2006-ին այն ձեռք է բերել «Ռատկո» ընկերությունը: Տարածքում նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շինություն՝ ստորգետնյա կայանատեղիով:
Արթուր Մնացականյան («Ռատկո» ընկերության հիմնադիր-տնօրեն) - Մեր գործողություններն օրինական են, մենք ունենք շինթույլտվություն: Այսօր քաղաքում 1 կրպակ ապօրինի չեն կարողանում կառուցել: Այսինքն՝ պատկերացրեք, ես 3 տարի պատրաստվել եմ այս գործընթացին: 2 հանրային լսում է իրականացվել, որից մեկը բնակիչների հետ՝ քաղաքապետարանում, երկրորդը՝ Հանրային խորհրդում:
Ընկերությունը մտադիր է նվազագույնը 5 միլիոն դոլարի ներդրում կատարել: Կառուցապատողի խոսքով՝ նախագիծը տարբեր փորձաքննություններ է անցել և որևէ խնդիր չունի:
Արթուր Մնացականյան - Ուղղակի դա մի քանի հոգու կազմակերպմամբ ակցիա է, որի նպատակն է ինչ-որ ձևով ազդել այս շինարարության վրա: Բայց ես չեմ կարծում, որ դա հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի ես կասեցնեմ շինարարությունը:
Այս պահին աշխատանքները դադարեցված են քաղաքապետարանի առաջարկով: Բնակիչ-քաղաքապետարան-կառուցապատող քննարկումներ են նախատեսված:
Հեղինակներ՝ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան