Արցախի Կաղարծի գյուղի նախկին դպրոցական շենքը վերակառուցվել է որպես բնակելի: 14 բնակարանում հաստատվել են տեղահանված և կարիքավոր ընտանիքներ: Պողոսյանների տունը սողանքի գոտում է, ուստի բավարարվել են բնակարանով:
Լորա Պողոսյան (Արցախի Կաղարծի համայնքի բնակիչ) - Շատ գոհ ենք, ամեն ինչով ապահով: Ոչ թե միայն պայմանները, այլ նաև կահույքը, խոհանոցային բոլոր պարագաները, ննջասենյակը՝ բոլորը կահավորված են:
Ծրագիրն իրականացվել է Արցախի կառավարության ֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը 202 միլիոն դրամ է: Բնակարանները նաև կահավորվել են: Պայմաններին ծանոթացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Գարուշ Սարգսյան (Արցախի Կաղարծի համայնքի ղեկավար) - Եթե մենք մի տարի առաջ արդեն ասում էինք՝ գյուղը ծերացող է, բայց այսօր կարող ենք ասել, որ գյուղը երիտասարդանում է: Կարճ ասեմ՝ այդ բազմաբնակարան շենքում այսօր ունենք 26 երեխա:
Կաղարծիում սեփական տանիք նաև Հայրապետյաններն ունեցան, բայց գյուղում աշխատատեղի հարցն է դժվար՝ ասում է Գուրգենը: Ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվել:
Գուրգեն Հայրապետյան (Արցախի Կաղարծի համայնքի բնակիչ) - Հեշտ կլինի, եթե աշխատանք լինի գյուղում: Եթե գյուղում աշխատանք լինի, ավելի լավ կլինի:
Նոր աշխատատեղերը հիմնականում շինարարության ոլորտում կլինեն: Պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից թիրախավորված դպրոցական շենքը շուտով կնորոգվի:
Լյուդմիլա Հայրապետյան (Արցախի Կաղարծի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Դպրոցը բավարար պայմաններ ունի, բայց դեռևս չի նորոգվել: Սպասում ենք պայմանագրին: Մեզ խոստացել են, որ բարեգործական հիմունքներով կնորոգվի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ասֆալտապատվում է Կաղարծի տանող ճանապարհը: Շինարարության ծավալին ու որակին հետևել է Արայիկ Հարությունյանը: Ավարտը նախատեսվում է սեպտեմբերին:
Գարուշ Սարգսյան - 4 կիլոմետրանոց ճանապարհն ասֆալտապատվում է՝ համարա 1 կիլոմետր ճանապարհ է մնացել, որ հասնի գյուղամեջ: Եվ բացի դրանից գյուղի տարբեր ճյուղավորումներում մոտ 400 մետր կասֆալտապատվի:
Առաջիկայում կասֆալտապատվեն նաև Մարտունու շրջանի Պառավաթումբ, Հաղորտի և Մուշկապատ գյուղեր տանող ճանապարհները: