Տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ մենք անկեղծ ու թափանցիկ ենք աշխատում, և այդպես աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ: Պետք է առանձնահատուկ նշեմ ՌԴ պարագան, որի հետ ռազմավարական դաշինքը մեր երկրի անվտանգության ճարտարապետության հենասյուներից է՝ ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ և ՌԴ միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի, ուժերի, միացյալ խմբավորման մասին, ՀՀ և ՌԴ միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակում են հագեցվել ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Գորիսում և Սիսիանում հիմնվել են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր, բացի այդ, ՀՀ պետական սահմանային մի շարք հատվածներում պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները:
«ՌԴ-ի հետ մենք սերտ համագործակցության մեջ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքային խմբի ֆորմատով, ՌԴ-ն ներգրավված է Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին, ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային գործոն է»,- շեշտեց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՌԴ խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում:
«Եվ կարծում եմ՝ ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին ու ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի դատարանների կողմից ազատազրկված քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել է եռակողմ հայտարարության ստորագրումից և խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում:
«Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ ԼՂ-ի և ԼՂ-ում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող շարք է: Եվ ուրեմն, ՀՀ-ՌԴ երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով, ներառյալ՝ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում ՀՀ-ն շարունակելու է ընդլայնել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը»,- ասաց Փաշինյանը:
Նա հավաստիացրեց՝ քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունը էլ ավելի ամրապնդելու, ՌԴ-ի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
«Պետք է ընդգծեմ այն առանձնահատուկ անձնական դերակատարումը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, մեր գերիների վերադարձի գործում խաղացել և խաղում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահ Պուտինի անձնական ներգրավվածությունը և մեր միջև առկա վստահելի մթնոլորտը հայ-ռուսական հարաբերությունների արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու գրավականն է»,- նշեց ՀՀ վարչապետը: