Ասեղնագործ այս կտավը բարդ է ստացվել, բայց սիրելի գործերից մեկն է դարձել: 2 ամսվա անդադար աշխատանքի արդյունքն է:
Թամարա Աթանասյան (ասեղնագործ) - Քառակուսի սանտիմետրի մեջ 10 դեմք կա:
Ցուցասրահի 50 գործի հեղինակը 82-ամյա Թամարան է: Մասնագիտությամբ քիմիկոոս է: Մոտ 30 տարի «Նաիրիտում» լաբորատորիա է ղեկավարել: Թոշակի անցնելուց հետո ձեռքն ասեղ է վերցրել ու ինքնուրույն նոր մասնագիտություն սովորել:
Թամարա Աթանասյան - Ես նույնիսկ չեմ կարող հիշել՝ որտեղից սկսեցի մանրանկարները ասեղնագործել:
5-րդ անգամ է աշխատանքները հանրությանը ներկայացնում: Բատիստի վրա, մետաքս թելերով ու լցակարի տեխնիկայով է աշխատում: Տերունական պատկերի մանրանկարների շարք է արել՝ ավետումից մինչև հոգեգալուստ: Բոլորը՝ բնագրի չափերով:
Թամարա Աթանասյան - Մի սանտիմետրը վերցրել-հաշվել եմ, 4 կմ թել եմ ծախսել, մինիմում 8.000 անգամ ասեղ եմ թելել:
Հեղինակային գործեր էլ ունի, թաշկինակների, օձիքների, հագուստի վրա էլ է ասեղնագործում, նաև սփռոցներ գործում: Թոշակի անցնելուց հետո, ասում է, ապրել էր պետք: Աշխատանքները Սարյանի պուրակում, հետո արդեն Վերնիսաժում է ցուցադրել, վաճառել: Սկզբում ամաչելով, երբեմն՝ թաքնվելով:
Թամարա Աթանասյան - Նույնիսկ ասեմ՝ պախկվել եմ ծառերի հետևում. ամոթ էր՝ լաբորատորիայի վարիչը եկել է շուկա:
Հետո է հասկացել՝ պետք էր հպարտանալ, քանի որ մատների այս արվեստով շատերին է զարմացրել: Անցնողները գործերը տեսել են, հավանել, գովեստի խոսքեր շռայլել:
Թամարա Աթանասյան - Իսկ հիմա գնում եմ վերնիսաժ, կոպիտ ասած, քիթ տնկած:
Աշխատանքները Չինաստանից Եվրոպա, նույնիսկ Աֆրիկա են հասել: Մատների վարպետությամբ ստեղծած թռչնակերպ տառերը շատ են հավանում հատկապես ռուսները: Օրվա մեծ մասը ասեղը ձեռքին է, գործից հոգնել չկա:
Թամարա Աթանասյան - Եղել է դեպք, երբ աշխատելուց քնել եմ, քիթս կպել է գործիս վրա, այդ տեսակ եմ աշխատել:
Մանրանկարը վրձնելը հեշտ գործ չէ, հատկապես այն ասեղնագործելը: Աշխատանքը բարդացնում է հատկապես մետաքսի փայլը: Եթե ասեղի ուղղությունը ճիշտ չվեցնես՝ կտավը չի ստացվի:
Լալա Մնեյան (Հայաստանի ժողովրդական վարպետ) - Մեծ օրինակ է բոլորիս համար. որ մարդը ստեղծագործ ոգին արթնացնի՝ կարող է հասնել մեծ հաջողության, որ անգամ վարպետներին է հիացնում:
Թամարա Աթանեսյանը ինքնուս վարպետ է: Նույնիսկ աշակերտներ է ունեցել, իմացածը նրանց փոխանցել: Ցուցահանդեսի ձևաչափով աշխատանքները վերջին անգամ է ներկայացնում, բայց քանի դեռ ասեղն առանց ակնոց է թելում, կշարունակի կտավներ ստեղծել:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան