ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Աժ-ում անդրադարձել է 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների նույնականացման խնդրին՝ տեղեկացնելով, որ 50 մասունք Հոլանդիայում բարդ փորձաքննություն է անցնում:
«Մենք ունեինք որոշակի դժվար մասունքներ, որոնք փորձաքննությունների մասով չէինք կարողանում սեկվենավորել: Մենք պայմանավորվեցինք մեր հոլանդացի գործընկերների հետ, և այդ փորձանմուշները արդեն իսկ գտնվում են Հոլանդիայում: Ցավոք սրտի, չի ստացվում դրանցից ԴՆԹ անջատել և ստանալ որոշակի արդյունք: Եվ հիմա Հոլանդիայում այդ մասունքներն անցնում են ավելի բարդ փորձաքննությունների ընթացք»,- նշեց նա:
Ավանեսյանը տեղեկացրեց՝ կան զոհվածների մարմիններ, մասունքներ, որոնք նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում՝ երրորդ, չորրորդ անգամ այլ երկրներում հաստատել պատասխանը: «Մինչ այս պահը բոլոր այդ դեպքերում ստացել ենք իդենտիկ նույն պատասխանները»,- նշեց նա՝ հավելելով, որ խոսքը 20 դեպքի մասին է: