Օգոստոսի 23-ը հայոց նորագույն պատմության կարևորագույն ամսաթվերից է: 1990 թ. հենց այս օրն ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախության գործընթացի սկիզբը: Այս հիմնարար փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության, մեր երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան:
Ամրագրվեց, որ Հայաստանն ունենալու է սեփական Զինված ուժեր, բանկային համակարգ: Հռչակագիրը փաստացի Հայաստանի ծննդյան վկայականն է: Հռչակագրով Հայաստանը հայտարարվեց իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ խրախուսվում է բազմակարծությունը:
Քանի դեռ չունեինք Սահմանադրություն, Անկախության հռչակագիրը նաև Սահմանադրության դեր էր կատարում. ընդունվել էր սահմանադրական օրենք, ըստ որի՝ ցանկացած օրենք Հայաստանում գործում էր, եթե չէր հակասում հռչակագրի դրույթներին:
Անկախության հռչակագրին հղում կա Սահմանադրության մեջ, ուրեմն և հռչակագիրը ոչ միայն կարևոր պատմական փաստաթուղթ է, այլև գործող հիմնարար օրենք: