«Սևան երիտասարդական ակումբ» կազմակերպությունը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ արդեն երկրորդ անգամ իրականացնում է Update ծրագիրը, որի շրջանակում գրանցվելու և հանրայնացվելու է Սևանա լճի ափամերձ համայնքների մշակութային ժառանգությունը:
Նաիրա Կիլիչյան (ԿԳՄՍՆ ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ) - Ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ դրա ընթացքում իրականացվելու է ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում: Այս առումով շեշտը դրվելու է համայնքների երաժշտության գրանցման և նոտայագրման վրա:
Սևանցի երիտասարդներն արդեն հասցրել են այցելել 13 համայնք, հավաքագրել մոտ 30 երգ: էլեկտրոնային գրքույկում տպագրելու համար ընտրելու են տասը լավագույնները:
Գոհար Մնացականյան («Ափդեյթ» ծրագրի ղեկավար) - Ի սկզբանե գաղափարն այն էր, որ երգերին տանք երկրորդ շնչառություն, կյանք: Դրա շրջանակներում մենք հավաքելու ենք երգերը, ունենալու ենք նոտայագրված տարբերակները և առաջարկելու ենք հայկական բենդերին: Կան երգեր՝ կատակ, օրորոցային, հարսանեկան. կախված թեմատիկայից՝ բենդերը կընտրեն իրենց հարմար երգեր:
Մշակութային ժառանգության պահպանման հարցում երիտասարդներին օգնում են համայնքների 80-90-ամյա բնակիչները, կան նաև մանկապատանեկան խմբակներ. երեխաները սովորում և կատարում են նախնիներից ժառանգություն մնացած երգերը:
Գոհար Մնացականյան («Ափդեյթ» ծրագրի ղեկավար) - Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի արմատները շատ հաճախ լավ չենք ճանաչում: Մեզ այս ծրագիրը նախևառաջ հնարավորություն տվեց շփվելու մեր արմատների հետ, մեզ ճանաչելու կողքից: Մեզ համար շատ կարևոր էր վերադառնալ ակունքներին, որտեղ մենք ապրում ենք, վերաարժևորել և հասկանալ, որ մեր կողքին ապրում են այնքան հետաքրքիր ու հասարակ մարդիկ:
Նախաձեռնության հեղինակները շարունակում են հանդիպել հայկական ավանդույթների ինքնատիպ կրողներին, լինել գյուղերում, որտեղ այդ ավանդույթներն արդեն վերանում են: Սակայն ուրախությամբ են նշում. կան գյուղեր, որտեղ դեռ պահպանված է ազգային հետքը:
Գոհար Մնացականյան («Ափդեյթ» ծրագրի ղեկավար) - Արևմտյան Հայաստանից բերված երգեր կան. Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանը բավականին հարուստ են: Բասենի, Ալաշկերտի, Մշո մշակույթն են պահել ու փոխանցում են: Հանդիպեցինք վերջին 30-40 տարվա ընթացքում ծնված երգերի: Հետաքրքիր էր Ծովագյուղի երգը, որը հովիվ էր հորինել, և ընտանիքը վերականգնել էր այդ երգը, նվիրված էր Սևանա լճին: Ես կարող եմ նրան հասկանալ, շատ սիրուն տեղերով է իր նախիրը տարել:
Գոհարը ժպիտով է հիշում «Ափդեյթի» բոլոր հերոսներին, առանձնացնում վարդենիսցի Անիկ տատիկին, որն իր «հինավուրց» տետրում 30-ից ավելի երգ ունի պահած: Ասում է՝ մեծերը պատրաստ են կիսվել իրենց պատմություններով և իմաստությամբ... ընդամենը լսել է պետք:
Ծրագիրն ամփոփվելու է սեպտեմբերի 15-ին, հեղինակները վստահեցնում են՝ այն շարունակական է լինելու, իսկ նպատակը մեկն է՝ հավաքել ու պահպանել մշակութային հարուստ ժառանգության նմուշները՝ բայց արդեն Հայաստանի ամբողջ տարածքում: