Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին և Հաղորդակցության և միջազգային հարաբերությունների հարցերով ԱՄԷ մարդկային ռեսուրսների կառավարման և էմիրաթիզացիայի նախարարի տեղակալ, երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Աբդուլլա ԱլՆոեմիի հետ։
Կարևորելով ԱՄԷ հետ բարեկամական երկկողմ հարաբերությունների ընդլայնումը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական ընթացքում հումանիտար աջակցության և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար։
«ԱՄԷ հետ մենք հիմնականում համագործակցում ենք խնամքի կենտրոնների ապաինստիտուցիոնալացման և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում ԱՄԷ դեսպանության հետ ունենք պայմանավորվածություն՝ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոններում ստեղծել տեխնոլոգիական սենյակներ։ Սա շատ կարևոր նախադեպ կարող է դառնալ ոլորտում նման համագործակցության առումով»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվող փոխըմբռման հուշագրին՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է երկու երկրների միջև աշխատուժի օգտագործման բնագավառում արդյունավետ համագործակցությունը։
Մասնավորապես՝ կարևորվել է աշխատուժի օգտագործման բնագավառում երկկողմ կարգավորումներին, առանց աշխատանքի թույլտվության աշխատանքային գործունեություն իրականացնելու պայմանի երկուստեք կիրառմանը, ընդունող պետությունում պոտենցյալ աշխատողներին համապատասխան կացության կարգավիճակի տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։
«Աշխատանքի նպատակով ԱՄԷ են ժամանում քաղաքացիներ՝ 200-ից ավելի երկրներից։ Մեր գլխավոր նպատակը նրանց անվտանգությունն ապահովելն է։ Նրանց մասին հոգ տանելը մեզ համար սկսվում է հենց սկզբից, հենց նրանց ընտրությունից։ Տարբեր երկրների հետ փոխըմբռման հուշագրերը հենց այս նպատակով են ստորագրվում»,- նշել է Աբդուլլա ԱլՆոեմին։
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կնպաստի երկու պետությունների միջև աշխատուժի օգտագործման հետ կապված հարցերի կարգավորմանն ու աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
ԱՍՀՆ ամբողջությամբ լրամշակել է դեռևս 2017թ. էմիրաթական կողմի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարության միջև աշխատուժի օգտագործման մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծը` ներառելով աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանցքային դրույթներ։