2021 թ. օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է ընդհանուր 2001 զանգ: Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 79 տեխնածին և կենցաղային 54 պատահար: Հրդեհի մասին ստացված հաղորդումները խիստ անհանգստացնող են:
Հրդեհի մասին ստացված 59 հաղորդումից երեքը բռնկվել է բնակելի շինությունում, մեկը՝ տրանսպորտում, հինգը՝ աղբանոցներում և աղբակույտերում: Մյուս բոլոր կանչերն ստացվել է չոր խոտածածկ տարածքներում և անտառածածկ գոտիներում բռնկված հրդեհի մասին: Կրակի խոշոր օջախներ են համարվում Մարտակերտի շրջանի Տոնաշեն և Ասկերանի շրջանի Պատարա համայնքների հարակից՝ անտառածածկ տարածքները: Հրշեջ փրկարարներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Կրակը նահանջել, բայց դեռևս չի մեկուսացվել:
Սակրավորական խմբերը շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել են 11 հրթիռ, կասետային 63 հրթիռ, թնդանոթի 1 արկ և 12 պայթուցիչ: Գործընկեր կառույցների հետ սակարավորներըն իրականացնում են ինժեներահետախուզական ամենօրյա աշխատանք:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է 6 ահազանգ: Տուժել է 4 քաղաքացի: Փրկարարները շտապօգնության հերթապահ բժիշկների օգնությամբ տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ:
Ավելի քան 2 շաբաթ է Ստեփանակերտում խմելու ջուրը կենցաղային լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել բնակչությանը։ Խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ փրկարարները շարունակում են խմելու ջուր մատակարարել այն թաղամասերում, որտեղ ջրի պակաս կա:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների և մասունքների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով՝ ծառայության ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում իրականացրել են 5 ելք: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։