Շինարարությունում՝ ճանապարահի կառուցում լինի թե բարզմաբնակարան շենքի բարձրացում, Հայաստանում հիմա լավ փողեր կան ու աշխատողների պակաս։ Որակյալ մասնագետ՝ նախագծող-վերահսկող գտնելն այս ոլորտում դժվարացել է․ ընդ որում՝ բարձր էլ աշխատավարձ են առաջարկում՝ պնդում է երկրում կառուցվող-նորոգվող Ճանապարհների պատասախանատու հիմնարկի ինժեները։
Ռուբեն Ավագյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհների բաժնի համակարգող ինժեներ) - Նորմալ շինարարին նորմալ վարձատրում են՝ մինչև 1000 դոլար բոլոր տեղերում՝ շենքերի աշխղեկը, տեղամասի պետը նորմալ ստանում են:
Հեշտ գործ չէ, իհարկե, գծագրերից, թվերից գլուխ հանելը, բայց Մանեին դա չի վախեցրել։ Չորրորդ ամիսն է՝ պրակտիկա է անցնում ճանապարհային դեպարտամենտում։
Մանե Մալխասյան - Մենք որպես ինտերն ենք այստեղ, 6 ամիս է տևում: Սովորելու բան շատ կա, թեև համալսարանը շատ բան է տվել, բայց իրականությունը թեորիայից շատ է տարբերվում:
Մանեի ավարտած Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում ասում են՝ տեսական գիտելիքներին զուգահեռ՝ ԲՈՒՀ-ը գործնականի բաժինը՝ նախկին երկու շաբաթվա փոխարեն այժմ մոտ 2 ամիս է դարձրել, որ շրջանավարտը պատրաստ մտնի աշխատաշուկա։ Ծրագրերը պարբերաբար թարմացնում են գործընկեր ռուսական, իտալական ինստիտուտների հետ։ Ուսանողների համար նույնիսկ ասֆալտի փորձաքննության լաբորատորիա ունեն։
Գառնիկ Ստեփանյան (ՃՇՀԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր) - Համալսարանն ավարտող մեր բոլոր շրջանավարտները գիտելիքների տեսակետից ունեն այն ամբողջ պաշարը, որ թե՛ ճանապարհաշինության, թե՛ թունել կամ կամուրջ կառուցելու բոլոր շինարարական ոլորտներով լիարժեք աշխատանքեր կատարել՝ ոչ միայն շինարարական, այլև նախագծային:
Ստեփանյանը վստահեցնում է․ որպեսզի շինարարի մասնագիտությունը երիտասարդների համար գրավիչ դառնա՝ իրենք այս տարի անգամ ֆակուլտետի ուսման վարձն են իջեցրել, որ մաթեմատիկայից բարձր բալեր հավաքողը չշտապի ծրագրավորող դառնալ, մտածի նաև քարը քարին դնելու մասին։
Դպրոց-մանկապարտեզ-ճանապարհ նորոգելու աշխատանքներում որակյալ կադրերի պակասից դժգոհող Տարածքային կառավարման-ենթակառուցվածների նախարարության առաջարկով՝ իտալական IRD Engineering-ի հետ՝ երիտասարդ մասնագետների հմտությունները կատարելագործող ամառային դպրոց են կազմակերպել։ Մարզերում կենսական նշանակության ճանապարհների վերակառուցումը ֆինանսավորող Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ մագիստրոսների մի խումբ էլ վճարովի պրակտիկա է սկսել ճանապարհային դեպարատենտում։
Լամարա Առաքելյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնի պետ) - Այս պահին ունենք 6 ուսանող, որոնց մի մասն արդեն ավարտել են պրակտիկան, դեռևս չեն անցել աշխատանքի, բայց այս ծրագրի բուն նպատակը լավագույն կադրերին աշխատանքի տեղավորելն է:
Նորեկներին ՊՈԱԿ-ում, պրակտիկայից հետո, հիմնական աշխատանքի կպահե՞ն, թե՞ չէ՝ 2 ամսից է պարզ լինելու։ Փորձառու ինժեներների բաժնում, կոնկրետ Մանեի մասին, ասում են՝ ընթացքը հուսադրող է։
Վարդան Կարապետյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կենսական նշանակության ճանապարհների բաժնի ավագ ինժեներ) - Փաստաթղթերի կարգավորման, շրջանառության մասով արդեն ահագին օգնում է:
Ոլորտի գիտակները պնդում են՝ նախագծող-կառուցող վարպետների գործը Հայաստանում առաջիկա տարիներին պահանջված է լինելու։ Այնպես, որ՝ պետք է լուծել կադրերի հարցը, որ բոլորով չզայրանանք, թե՝ շինարար ազգ ենք, հարևան վրացիներն են մեր համար կամուրջ կառուցում։