Մերձմոսկովյան Կուբինկայում՝ «Պատրիոտ» կենտրոնում, մեկնարկեցին «Բանակ-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսն ու բանակային խաղերը: Թվով արդեն 7-րդ ռազմատեխնիկական համաժողովին ներկայացված են սպառազինության ավելի քան 20.000 նմուշ, որի առյուծի բաժինը Ռուսաստանինն է, ցուցադրված է նաև արտասահմանյան երկրների պաշտպանական արդյունաբերության նորագույն արտադրանքը:
Հրաձգային զենքից մինչև հրետանի, տանկ, ռազմական մարտական ավիացիա: Նրանց մեծ մասը փորձարկվել և ստուգվել է իրական մարտական պայմաններում: Ցուցադրությունը բաժանված է մի քանի բաժինների՝ նվիրված ավիացիային, ռազմածովային նավատորմին, ռոբոտատեխնիկային, ռազմական բժշկությանը, ռազմական շինարարությանը և պաշտպանական ոլորտի դիվերսիֆիկացմանը:
Այս տարվա գլխավոր նորությունը «Պենիցիլինն» է՝ հրետանային հետախուզության համալիրի արտահանման մոդիֆիկացիան: Այն թույլ է տալիս որոշել հրետանու, ականանետների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ինչպես նաև հակառակորդի զենիթային և մարտավարական հրթիռների տեղակայման դիրքերը: Համաժողովին ներկայացված հեռանկարային մարտական տեխնիկան արդեն այս տարի կմտնի ռուսական բանակ, ինչը թույլ կտա ՌԴ ԶՈՒ-ում ժամանակակից զենքի բաժինը հասցնել 71,9 տոկոսի:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Ռուսական զենքը միշտ պահանջարկ է ունեցել համաշխարհային շուկայում, և այսօր այն հուսալիորեն պաշտպանում է աշխարհի շատ երկրների անվտանգությունը: Մեր գործընկերների հետ շփումը ծանրակշիռ ներդրում է մեր երկրների ռազմական մասնագետների վստահության և գործընկերային հարաբերությունների զարգացման գործում, ծառայում է խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդմանը:
«Բանակ-2021»-ին ժամանել է շուրջ 100 երկրի պատվիրակություն, որոնցից 34-ը՝ ռազմական գերատեսչությունների ղեկավարությամբ: Մասնակցում է նաև 11 դիտորդ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ չորս երկրից։
Հայաստանի Զինված ուժերի արդիականացման գործընթացի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին՝ հատուկ ուշադրության էին արժանի միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության հանդիպումները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ֆորումի առաջին օրը հանդիպեց ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության Դմիտրի Շուգաևի, «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբոսնովի, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ» կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են ռազմատեխնիկական կապերի խորացման հեռանկարները, ինչպես նաև պետությունների պաշտպանության ոլորտում համագործակցության և նրանց ազգային շահերի ապահովման հարցերը:
Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2021» միջոցառման շրջանակներում կայանալիք «Էլբրուսյան օղակ», «Մարտավարական հրաձիգ», «Միջօրեական», «Վարպետ-զինագործ» մրցաշարերին և «Մշակույթի բանակ» ազգային մշակութային փառատոնին: «Բանակային խաղերի» զինծառայողներն այս տարի իրենց վարպետությունը կցուցադրեն 11 երկրի զորավարժարաններում անցկացվող 34 միջազգային մրցույթներում: