2021 թ. օգոստոսի 20-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կեսարյան հատումից հետո բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել՝ ծնված 1990 թ.:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հերթապահ բուժանձնակազմը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
30-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ծննդկանի մահվան պատճառը (պատճառները) պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: