Երեք ամիս է՝ Էջմիածնի մի շարք թաղամասերում մարդիկ արթնանում են շինարարական աղմուկից: Տեխնիկան աշխատում է նույնիսկ այնպիսի փողոցներում ու նրբանցքներում, որոնց բնակիչները երբևէ իրենց թաղամասում ասֆալտապատման հույս չեն ունեցել: Այս փակուղու բնակիչների համար շինարարական աղմուկը նույնիսկ հաճելի է. vերջապես կազատվեն փոշուց:
Հայկուշ Մկրտչյան (Էջմիածին քաղաքի բնակիչ) - Շատ մանկահասակ երեխաներ ունենք, խաղալու հնարավորություն չունեին, հիմա ուրախ ենք, սպասում ենք վերջին, որ մեծ ուրախություն անենք:
Էջմիածնում բարեկարգման աշխատանքները տարիներ շարունակ կենտրոնում են ընթացել: Ծայրամասերում ապրողները պարբերաբար դիմել են տարբեր տարիների քաղաքային իշխանությանը՝ ցեխ ու փոշուց իրենց ազատելու խնդրանքով: Արձագանք չի եղել: Իսկ այս տարվա մայիսին ավագանին հաստատեց 750 մլն դրամ բյուջեով մի նախագիծ, որն արդեն կյանքի է կոչվել: Ասֆալտապատում են հողային փողոցները, փակուղիները, շենքերի բակերը, դիտահորերը բարձրացնում ասֆալտի մակարդակին: Ավելի քան 20 անուն փողոց ու նրբանցք նոր տեսք կունենա. անհարմարությունները կմնան անցյալում:
Դիանա Գասպարյան (Էջմիածնի քաղաքապետ) - Երկու փուլով ենք իրականaցնելու, այս տարի 500 մլն մյուս տարի՝ 250՝ հաշվի առնելով, որ սուբվենցիայի հետ հսկայական աշխատանք է՝ ժամանակի և սեզոնի իմաստով չենք կարող ավարտել այս տարի: Հիմնականում շեշտը դրել ենք համաչափության վրա. քաղաքի տարբեր մասերում ասֆալտապատման աշխատանքներ են անում:
Զվարթնոց թաղամասի երեք փողոցի ասֆալտապատումն արդեն ավարտվել է: Դրանք այն փողոցներն են, որ նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտի երես չէին տեսել: Կենտրոնից հեռու մի շարք թաղամասեր ևս բարեկարգել են: Թե ինչ ներդրում կանեն բնակիչները՝ նորոգված թաղամասերն է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար, դեռ մտածում են:
Կարեն Աղաջանյան (Էջմիածին քաղաքի բնակիչ) - Բնակիչներով կհավաքվենք, կորոշենք՝ ոնց կարող ենք սիրունացնել:
Քաղաքի զգալի մասում աշխատանքներն ավարտված են, հերթը Նարեկացի փողոցինն է, և Արամ Մանուկյան նորակառույց թաղամասինը:
Դիանա Գասպարյան - Կոյուղագիծը անցկացված է, լուսավորությունը՝ արդիականացված, գլխավոր փողոցն ասֆալտապատել ենք, այս տարի էլ 2 փողոց եզրաքարերով ու դիտահորերով նորոգվում է:
Որակի մասին խոսք չկա՝ վստահեցնում են ճանապարհաշինարարները: Իրենց կառուցածը և՛ հարթ է, և՛ դիմացկուն:
Արսեն Սիմոնյան (աշխատանքների ղեկավար) - Եթե արհեստական խոչընդոտներ չլինեն, 8-10 տարի կդիմանա, դեռ ավելին:
Իսկ կենտրոնական փողոցները կնորոգեն սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ: Կասֆալտապատեն ու կսալիկապատեն ամենածանրաբեռնված փողոցներից մեկը՝ Բաղրամյանը: Խորենացիում էլ, բացի ասֆալտից, կկառուցեն ջրահեռացման համակարգ: Լավ լուր կա նաև Արամ Մանուկյան-2 նորակառույց թաղամասի բնակիչների համար. այստեղ էլ կոյուղագիծ կանցկացնեն: