ԵՄ երկրների շրջանում չկա ոչ միայն կոնսենսուս, այլև նույնիսկ մեծամասնություն՝ աֆղանստանցի փախստականներին ընդունելու օգտին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սլովենիայի վարչապետ Յանես Յանշան, որի երկիրը ԵՄ խորհուրդը նախագահում է այս տարվա երկրորդ կեսին:
Ավելի վաղ Յանշան գրել էր, որ «Եվրամիության և Սլովենիայի պարտականությունը չէ օգնել և վճարել բոլոր նրանց, ովքեր իրենց հայրենիքի համար պայքարելու փոխարեն փախչում են»:
Շաբաթ օրն էլ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այցելել էր Իսպանիայում հիմնված ԵՄ-ում աֆղան փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն և հայտարարել, որ Եվրամիությունը կառաջարկի օգոստոսի 24-ին Յոթնյակի խմբի առաջիկա հանդիպմանը դիտարկել Աֆղանստանից փախստականներին ընդունելու և տեղավորելու միջազգային սխեման: Ըստ ԵՀ ղեկավարի՝ «Աֆղանստանում 3,7 մլն մարդ արդեն փախստական է դարձել, նրանց 80%-ը կանայք և աղջիկներ են». այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հուլիսի սկզբից ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է մոտ 33 հազար մարդու, որոնցից մոտ 28 հազարը լքել են հանրապետությունը օգոստոսի 14-ից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Բրիտանական իշխանությունները Աֆղանստանից տարհանել են գրեթե 6000 մարդու, որոնցից 3100-ը աֆղանստանցիներ են, որոնք ներառված են իրենց և ընտանիքներին տարհանելու ծրագրում:
Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հայտարարել է, որ իր երկրում այժմ 300 հազար աֆղանստանցի փախստական կա: Նա հերքել է ընդդիմության ներկայացրած տվյալը, ըստ որի՝ Թուրքիա է ներթափանցել 1.5 մլն աֆղանստանցի փախստական:
Աֆղանստանում ստեղծված իրավիճակի պատճառով պետությունները ստիպված խստացնում են սահմանները: Հունաստանը հայտնել է Թուրքիայի հետ սահմանին 40 կմ երկարությամբ ցանկապատի շինարարության ավարտի մասին, որը խոչընդոտելու է միգրանտների մուտքը երկիր: 2015-ին Մերձավոր Արևելքում պատերազմից և աղքատությունից փախած ավելի քան 1 միլիոն մարդ Թուրքիայից անցավ ԵՄ, մոտ 60,000-ը մնաց Հունաստանում, մեծ մասն էլ մեկնեց տարբեր երկրներ:
Թուրքիան էլ Իրանի հետ 534 կիլոմետրանոց սահմանի երկայնքով 243 կմ երկարությամբ բետոնե պատ է կառուցում` միգրանտների անօրինական անցումները նվազեցնելու համար: Անկարան հայտարարել է, որ արդեն ավարտել է նոր պատի 156 կիլոմետրի շինարարությունը: