Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնք:
Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է համայնքը մայրուղուն կապող մոտ 5 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Կապալառու «Վիրաժ» արտադրական կոոպերատիվի ղեկավարի հավաստմամբ՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ ասֆալտապատման և գծանշման գործընթացն ամբողջությամբ կավարտվի արդեն սեպտեմբերին:
Քաղաքաշինության նախարարի, շրջանի վարչակազմի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախագահ Հարությունյանը հետևել է համայնքի փողոցների հենապատերի բետոնապատման աշխատանքներին, ինչպես նաև այցելել օրերս շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի բնակիչներին, ծանոթացել բնակարանային պայմաններին:
Շենքի 14 բնակարանները բաժանվել են բազմազավակ և Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր բնակավայրերը մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատումը շարունակում է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես նշելով, որ ենթաշրջանում շուտով կսկսվի Պառավաթումբ, Հաղորտի համայնքների և կավարտվի Մուշկապատի ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:
Արցախի նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակարանաշինության ուղղությամբ համայնքներում պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն՝ հաշվի առնելով առկա ներուժի չափն ու եղած պահանջարկը:
Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը եղել է նաև Կաղարծիի 19-րդ դարի Սուրբ Թարգմանչանց եկեղեցում, որը վերանորոգվում է բարեգործական միջոցներով։