Փակ տարածքում պարտադիր դիմակ դնել, սոցիալական հեռավարություն պահպանել ու մտածել առողջության մասին: ՍԱՏՄ տեսուչների մշտական հորդորն է տնտեսվարողին: Տնտնեսվարողն էլ նույնը իր աշխատակցին ու հաճախորդին է հորդորում: Նոր Նորք վարչական շրջանում տեսուչներն իրար հաջորդելով խանութ, սուպերմարկետ մտան, մեկի դեպքում արձանագրություն կազմեցին, մյուսում նախազգուշացում արեցին:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Եթե հաճախորդը դիմակ չի կրում, պատասխանատվությունը տնտեսվարող սուբյեկտի վրա է: Իրենք պետք է մեկ հոգի ունենան պատասխանատու՝ հենց Քովիդի հետ կապված, որը պետք է զբաղվի հա՛մ գրանցամատյաններով, հա՛մ զգուշացնի:
Առաջին անգամ նախազգուշացում, իսկ տեսուչների այցից հետո թերությունները չվերացնելու դեպքում արդեն 100-300 հազար դրամի տուգանք է ստանում տնտեսվարողը: Կան դեպքեր, երբ անբարեխիղճ տնտեսվարողն ալկոգելի փոխարեն օղին ջրի հետ խառնում, ալկոգելի իմիտացիա է ստեղծում: ՍԱՏՄ տեսուչը խորամանկներին հորդորում է չդիմել այդ քայլին, նաև հիշեցնում՝ իրենց աչքից ոչինչ չի վրիպում:
Կարեն Զաքարյան - Ֆիքսված քանակ գոյություն չունի, սակայն ցանկալի է, որ բոլոր վաճառասեղանների, դրամարկղերի մոտ լինեն ձեռքերի ախտահանիչներ՝ սպիրտային հիմքով:
ՍԱՏՄ տեսուչները մեկ այլ սուպերմարկետի գրանցամատյաններն էլ ստուգեցին: Աշխատակիցները ժամանակին ջերմաչափվել են, տարածքն էլ՝ ախտահանել: Սուպերմարկետի մենեջերը, աշխատակիցների մոտ 20 տոկոսը պատվաստվել են, «հաճախորդների հետ աշխատելն է դժվար՝ ասում է Տաթևիկը.
Տաթևիկ Պետրոսյան (սուպերմարկետի մենեջեր) - Մեր մոտեցումը լինում է զուտ խնդրանքի կարգով, որ նաև մենք չտուժենք՝ տնտեսվարողը: Ամեն դեպքում լինում է, հաճախորդների 80 տոկոսը մեզ ընդառաջում են, հասկանում են, իրենք էլ գիտեն, որ դա պետք է, բայց հաճախորդ ունենք, որ ասում է՝ ես խեղդվում եմ:
ՍԱՏՄ տեսուչը նաև արձանագրում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել են խախտումները: Օրինակ՝ եթե առաջ 10-ից 7-ի մոտ էին խախտումներ հայտնաբերում, հիմա պատկերը փոխվել է. այդ հաշվարկում միջինում 3 արձանագրություն են կազմում:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Գնալով շտկում են խախտումները: Օր օրի նկատում ենք, որ բարձրանում է գիտակցությունը, և աշխատակիցների մեծ մասը հիմա սկսել են արդեն գոնե կրել դիմակներ, հաճախորդների մասով է մի քիչ խնդիրը, բայց փորձում ենք հասնել նրան, որ հաճախորդներն էլ կրեն դիմակներ:
Արդեն օրվա երկրորդ կեսին ՍԱՏՄ տեսուչները հասցրել էին մոտ 10 խանութում լինել: Հիմնականում նախազգուշացումներ են տվել, 4-ի դեպքում՝ մի շարք խախտումների մասով արձանագրություն կազմել: