Դասը խոհարարական է, բաղադրիչներն էլ պատրաստ են: Մանր բլղուր, սպիտակաձավար, աղացած միս, սոխ ու ուտեստներին յուրահատուկ համ ու հոտ տվող համեմունքներ: Սիրիահայ խոհանոցին բնորոշ քբեբեթ են պատրաստելու:
Յոլանտ Հատտատ-Սաբունջյան (դասընթացավար) - Սիրիայի հյուսիսային հատվածում են պատրաստել տիգրանակետցիները, ուրֆացիները:
Որպեսզի Վանում, Այնթափում, Ուրֆայում, Տիգրանակերտում 100 տարի առաջ պատրաստած կերակուրները չմոռացվեն, դասընթացների շարք են սկսել: Փորձում են հայկական ավանդական ուտեստները տարածել: 12 ճաշատեսակ են ներկայացնելու, պատրաստման եղանակը բացատրելու:
Յոլանտ Հատտատ-Սաբունջյան - Բորանի, ոսպով քյուֆթա, միջուկով քյուֆթա...
Յոլանտ Հատտատ-Սաբունջյանը սիրիահայերի միության կազմակերպած խոհարարական դասերի դասընթացավարներից է: 9 տարի առաջ է Հալեպից ընտանիքով Հայաստան վերադարձել: Խոհարարական հաստ գիրքը բացել, Սիրիայում ընդունված կերակուրների բաղադրությունն է հերթով ներկայացնում:
Դասընթացները նախաձեռնել է սիրիահայերի միությունը: Ծրագիրն էլ ֆինանսավորում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այսպես փորձում են խոհանոցը՝ որպես սիրիահայ կանանց ոչ նյութական մշակութային ժառանգություն, պահպանել:
Ասյա Այվազյան («Սիրիահայերի միություն» ՀԿ նախագծերի ղեկավար) - Մեր նպատակը ոչ միայն սիրիահայերին և կանանց հմտություն, այլև գործարարություն անել, նաև գումար աշխատել, ձեռքի աշխատանքով գումար աշխատել, ցուցահանդեսների մասնակցել սովորեցնելն է:
Ծրագրին 40 կին է մասնակցում: Համավարակը հաշվի առնելով՝ դասերը օնլայն ձևաչափով են անցկացվում:
Խոհարարական դասերը կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը: Բոլոր հանդիպումները տեսանկարահանելու են և առցանց հարթակներում տեղադրեն: Ծրագրի ավարտին բաղադրատոմսերը հրատարակելու են, որպեսզի հայկական ընտանիքներում մոռացված այս կերակուրները շարունակեն պատրաստել: