«Էրեբունի» հնավայրում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից 2021 թվականին իրականացվող պեղումներն ավարտվել են:
Ֆրանսիացի հնագետներն ամրոցում այս տարի պեղումներն ավարտվել էին հուլիսի 30-ին, իսկ հայկական կողմը հնագիտական աշխատանքները շարունակել էր ամրոցից հարավ-արևելք տեղակայված բլրի հյուսիսային հարթեցված մասում:
Նախնականորեն ֆիքսվել է հնագիտական երկու փուլ, որոնք թվագրվում են Ք. ծ. ա. 7-րդ դարից մինչև 5-րդ դար ընկած ժամանակաշրջանում:
Առաջին փուլը բաղկացած է առնվազն երկու ենթափուլերից, այնուհետև այս փուլին վերաբերող տնտեսական հորերը և տաշտը ծածկել են, դրել նոր կավածեփ հատակ և կառույցի պատեր: Տնտեսական հորերից մեկում հայտնաբերվել են ուրարտական կարմիր փայլեցված և տեղական խեցեղենի համակեցություն՝ ուղեկցվող կենդանական ոսկորներով և ածխով:
Առաջին անգամ արտաքին բնակավայրից հայտնաբերվել են ամբողջական խեցեղեն գտածոներ՝ խեցեղեն թասեր և մեկ ոսկրե կախիկ հմայիլ:
«Նախնականորեն կարող ենք փաստել, որ առնվազն արտաքին բնակավայրի այս հատվածը սինխրոն չէ Էրեբունի ամրոցի մեզ հայտնի բնակեցման վաղ փուլերի հետ»,- տեղեկանում ենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքի էջից: