Այնտեղ, որտեղ կան իրենց հողն ու արմատները սիրող մարդիկ, կյանքը պետք է շարունակվի: Հետպատերազմյան Դահրավում այդպես է, դա ամեն օր տեսնում ու ֆիքսում է Առաջինի ստեղծագործական թիմը: «100 տուն Արցախում» նախագծի շնորհիվ մեր գործընկերները ճանաչում ու բացահայտում են Դահրավը և դահրավցիներին: Բնակելի ավանի շինարարությունը շարունակվում է, մինչև մեծ նորամուտ դահրավցիները լիցքավորվում են իրենց տեսության եկած անվանի հյուրերով:
Դահրավում չեն հիշում, թե վերջին անգամ երբ են համերգ կամ թատրոն գնացել: Երկուսը միասին երգիծաբան Վարդան Պետրոսյանն ու Շուշիկի բենդն են ապահովել գյուղում: Դերասանն անկեղծանում է՝ պատերազմից հետո դժվար է հատկապես Արցախում բեմ բարձրանալ, բայց մարդիկ դրա կարիքն ունեն:
Վարդան Պետրոսյան, երգիծաբան, դերասան - Սկսեցի սահմանամերձ գյուղերից՝ Տավուշով սկսեցինք, ամբողջ Սյունիքն ենք գնալու, Արցախը: Եվ սա ինձ համար պարտականություն է, շատ կարևոր պարտականություն: Եթե դրան գումարվում է արտիստի ստացած հաճույքը, վայելքը ներկայացումներ խաղալիս, այդ ամենը դառնում է կատարյալ:
Գյուղը ոչ միայն Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ նոր 100 տուն կունենա, այլ նաև հետաքրքիր առօրյա՝ վստահեցնում են Հանրայինի պատասխանատուները: Առաջին ալիքի գլխավոր պրոդյուսերն ասում է՝ նաև գյուղի մշակույթի տունը կնորոգեն: Իսկ մինչ այդ ակտիվանում է Դահրավի մշակութային կյանքը:
Տիգրան Վիրաբյան, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր - Վերջին իրադարձություններից հետո քչերը կլինեն, որ իրենց տեսածին կհավատան, թե Արցախում ինչպիսին է կյանքն այս պահին, որ արցախցին ապրում է, որ արցախցին իր գյուղում է, լսում է Կոմիտաս, դիտում է Վարդան Պետրոսյանի ներակայացումը, և կյանքը շարունակվում է: Մենք ոչինչ չենք բեմադրում, պարզապես փաստավավերագրում ենք այն ամենը, ինչ կատարվում է այս պահին Արցախում:
Համերգային ծրագիրը Դահրավ է բերել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասաններին ու մշակութասեր մարդկանց: Մաքուր հայկական երգերը շատերի տրամադրությունն են փոխել:
Իրինա Խաչատրյան, Դահրավի ակումբի ղեկավար - Կյանքը շարունակվում է, պիտի շարժվենք, քայլենք, որպեսզի մեր ազգայինը չվտանգենք:
Լաուրա Հովսեփյան, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն - Ինչքան ներուժ ունենք՝ հոգևորականներից, երգիչներից, հոգեբաններից սկսած, բոլորը պիտի այցելեն մեր գյուղերը, շրջանները, մարդկանց ոգևորեն:
«100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում Առաջին ալիքը կշարունակի մշակութային միջոցառումների շարքը Դահրավում: