Տավուշի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով տարածված լուրերը, թե Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարհանում է նախատեսվում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարհանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:
Տավուշի մարզպետի 2021 թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ՝ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:
Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը գործում է ՀՀ կառավարության 2011 թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: