Ահա այսպես՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները առաջիկա 6 ամսում այցելելու են գազաբալոններ տեղադրող կազմակերպություններ ու գազալցակայաններ՝ տեղեկացնելու օգոստոսի 16-ից ուժի մեջ մտած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» կատարված լրացումների մասին, այն է՝ գազաբալոնային սարքավորումները պետք է պարբերաբար ենթարկվեն փորձաքննության, որից հետո միայն կթույլատրվի մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցների շահագործումը:
Արտուշ Գրիգորյան (ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալ) - Այն կազմակերպությունները, որոնք առ այսօր աշխատել են առանց լիցենզիայի, պարտավոր են 6 ամսվա ընթացքում գնալ և ստանալ լիցենզիա:
Գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդներն էլ, իրենց հերթին, 6 ամսվա ընթացքում պետք է դիմեն լիցենզավորված կազմակերպություններին՝ իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար:
Նախ՝ լիցենզիա ստանալու պայմանների մասին: Լիցենզավորման կարգը նոր է մշակվում:
Միքայել Մարգարյան (գազաբալոն տեղադրող կազմակերպության տնօրեն) - Ովքեր ունեցել են լաբորատորիա, գրեթե բան չի փոխվել, նույն չափերն են, նույն բաները:,Նոր ներդրումների կարիք էլ չկա:
Գազաբալոններ տեղադրող ոչ մեծ այս կազմակերպության ղեկավարը նոր կարգին տեղյակ է, փոփոխությանը՝ կողմ:
Միքայել Մարգարյան - Դա շատ լավ կլինի, ես 2 ձեռքով համաձայն եմ:
Բանն այն է, որ քիչ չեն որևէ կերպ չվերահսկվող, ինքնաշեն կազմակերպությունները:
Արտուշ Գրիգորյան - Կան տեղադրողներ, որոնք չունեն լիցենզիա և աշխատում են իրենց ավտոտնակներում, ինչը բավականին խնդրահարույց է անվտանգության տեսանկյունից:
Հենց նրանք, եթե 6 ամսում չփոփոխեն պայմանները, չեն ստանա լիցենզիա, իսկ դա նշանակում է՝ վկայագրել չեն կարողանա:
Արտուշ Գրիգորյան - Վկայագրել՝ նշանակում է, որ կա էլեկտրոնային շտեմարան, գազաբալոնային սարքավորում տեղադրող կազմակերպությունը ստուգումներից հետո տվյալները պետք է մուտք անի շտեմարան:
Իսկ փորձաքննության ենթարկվելու անհրաժեշտությունը կախված է գազաբալոնի վիճակից. որպես կանոն, 2 տարին մեկ են անում: Բալոնի տեսքն արդեն պիտանության մասին շատ բան է ասում:
Միքայել Մարգարյան - 2008 թ. բալոն է, ցույց է տալիս ճաքերը, որ բարձր ճնշման տակ է լիցքավորվել: Եթե այս ճաքերի դեպքում մեծ ճնշում տան, հնարավոր է՝ պայթյուն ունենան:
Հանելու եմ ստուգեմ, նորից նույն վիճակն է, եթե տարբերություն լինի՝ չեմ դնելու մեքենային:
Տեղում փորձարկեցինք տվյալ բալոնը. գործընթացը երկար չէ, նախ գազն է դուրս գալիս, լվացվում է բալոնը, լցվում է ջրով և ենթարկվում 300 մթնոլորտ ճնշման:
Միքայել Մարգարյան - Հիմա ճնշումը տվեցինք 300 մթնոլորտ, պետք է 2 րոպե թողնենք, եթե ճնշումը չի իջնում, չի տրաքում, ջուր դուրս չի գալիս, ուրեմն նորմալ վիճակում է:
Ըստ փորձարկման՝ բալոնը դեռ պիտանի է, բայց հաշվի առնելով մաշվածությունն ու տարիքը՝ վկայագիր չեն տալիս:
Ճնշափորձարկումները կրճատում են գազաբալոնների կյանքը: Վարորդների այս դիտարկմանը Մարգարյանը հակադարձում է՝ 2 տարվա մեջ 1 անգամ է փորձարկվում, դա բան չի անի, լցակայաններում վարորդները պետք է չթողնեն 270 ճնշում տան:
Նախատեսված է, որ լիցքավորվի 200 մթնոլորտ ճնշման տակ, էդ դեպքում 15 տարի և ավելի երկար կծառայի:
Վկայագիր չունեցող գազաբալոնով ավտոմեքենաներին գազալցակայանները ևս չպետք է սպասարկեն: Տվյալների շտեմարան բոլոր գազալցականները մուտքի հնարավորություն են ունենալու. նոր կարգը պատասխանատվություն և տուգանքի չափ է սահմանել նաև նրանց համար:
Արտուշ Գրիգորյան - Այս կարգի պահանջները խախտելու դեպքում և՛ կազմակերպությունները, և՛ գազալցակայանները կենթարկվեն պատասխանատվություն, 100-300 հազար դրամի տուգանք, տարվա ընթացքում կրկնվելու դեպքում կրկնապատկվելու է, որոշ դեպքերում՝ կզրկվի լիցենզիայից:
Գազալցակայանների աշխատակիցները ագրեսիվ արձագանքեցին մեր նկարահանմանը: Փոխարենը պատրաստակամ էին վարորդները՝ եթե անգամ ֆինանսական բեռ է, խիստ վերահսկողությունը պարտադիր են համարում:
Կարեն Գևորգյան (վարորդ) - Բեռը բեռ ա, ու եթե նժարին դնում ես մեր ապահովությունը ու ֆինանսը, պարզ ա՝ առաջին հերթին անվտանգությունն է:
Հովհաննես Շահինյան (վարորդ) - Շատ ճիշտ բան են անում. բալոնը մաշվում է, կարող ա պայթի, մարդ մահանա:
Փոփոխությունը հանրային տրանսպորտին էլ է վերաբերում:
Արտուշ Գրիգորյան - Հանրային տրանսպորտի ուղեսրահում գազաբալոններ չպետք է լինեն, լինելու են տանիքին, պաշտպանված տեղումներից և արևից, փականը՝ հասանելի վարորդին:
Նոր օրենսդրությամբ նախատեսված բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն մինչև 2022 թ. փետրվարի 16-ը. այդ օրվանից կսկսվի տուգանքների կիրառումը: Ի դեպ՝ Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների 85-90 տոկոսն աշխատում է գազով: Արտասահմանում գրանցված տրանսպորտային միջոցներին այս կարգը չի վերաբերում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան