Երևանյան հայտնի ակումբներից մեկը դադարեցրել է գործունեությունը: Ստացվել է այնպես, որ Աբովյան 3 հասցեում տարածք վարձակալած «Պապարացցի» ընկերությունը և տարածքի սեփականատերը երկար տարիներ միասին աշխատելուց հետո լուրջ անհամաձայնություններ ունեն: Սիրիահայ ներդրող Շանթ Գոչեանը հայտարարություն է տարածել, որ սեփականատերը փակել տարածքի դռներն ու թույլ չի վերցնել նույնիսկ իր գույքը:
Մանուշ Եսայան, «Պապարացցի կաֆե» ընկերության փաստաբան - Դուրս գալու, տարածքն ազատելու պահանջ երբևէ չի եղել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր:
Տարիներ առաջ կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր, որը դադարեցրել են 2020 թվականին՝ ասում է փաստաբանը: Մեկ տարի է, ինչ աշխատում են առանց փաստաթղթի: Օգոստոսի 15-ին սեփականատերը կտրուկ միջոցներ է ձեռնարկել, փակել է տարածքի դռները: Ըստ փաստաբանի՝ վարձի հետ կապված պարտք չունեն:
Մանուշ Եսայան - Այս պահի դրությամբ վարձակալության գումարը մեկ ամսվա համար կազմում է 9500 դոլար:
Երկրորդ կողմը, սակայն, այլ փաստարկներ է բերում: Ըստ Վոլոդյա Բեջանյանի՝ տարիներ առաջ ընկերության հետ կնքել են երեք պայմանագիր. երկուսը՝ վարձակալության և մեկը՝ 208,800 դոլարի փոխառության, որի դիմաց գրավ է դրվել ընկերության գույքը: Բեջանյանի խոսքով՝ վարձակալն այնուհետև առաջարկել է խզել վարձակալության պայմանագիրը, կնքել նորը:
Վոլոդյա Բեջանյան, Աբովյան 3 հասցեի սեփականատեր - Իրենց ամբողջ հույսն այն էր, որ պայմանագիրը խզեն և ամբողջ գումարը ձևակերպեն որպես վարձակալություն, որպեսզի հետագայում խաղից հանեն փոխառության պայմանագիրը:
Ըստ կնքված պայմանագրերի, վարձակալը տարեկան 5 տոկոսով պետք է տար 5800 դոլար փոխառություն, ևս 2500 դոլար՝ որպես վարձ: Փոխառության պայմանագրում նշվել է, որպես երաշխիք է համարվելու ընկերության գույքը: Տարածքը փակելու հաջորդ օրը Բեջանյանը Գոչեանին հրավիրել է քննարկելու մնացած պարտքի վերադարձն ու նոր պայմանագրի կնքումը, սակայն, ըստ Բեջանյանի, երբ Գոչեանին ցույց է տվել փոխառության պայմանագիրը, նա հարձակվել, խլել է փաստաթուղթն ու փախել: Հիմա կողմերը դիմել են ոստիկանություն՝ մեկը գույքի վերադարձի, մյուսն իր նկատմամբ մահափորձի հայտարարություններով: