Վարագա Սուրբ խաչի տոնը՝ նորոգված Նոր Վարագավանքում: Այս մտքով է եկեղեցի բարձրանում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվը:
Շինարարական աղմուկը կարճ ժամանակով խախտում է կանաչի մեջ ծվարած Վարագավանքի անդորրը: Միջնադարյան եզակի ճարտարապետական լուծումներով գավիթը նորոգվում է՝ պահպանելով հինը, պատմականը:
Մերի Դանիելյան, ճարտարապետ - Հիմա դուք տեսնում եք փոքր գավիթի վերականգնման աշխատանքերը: Գավիթից մնացել էր մի պատ: Սա եզակի գավիթներից է Հայաստանում, մեկը սա է, մյուսը՝ Հառիճավանքի և Շխմուրադի գավիթը:
Հաղարծին, Հառիճավանք ու Մայր Աթոռ նորոգած վարպետ Հովիկն այս անգամ Տավուշի սահմանապահ աղոթատեղի է հասել: Կառուցելն արդեն շնորհակալ գործ է, ասում է, եկեղեցի վերանորոգելը՝ Աստվածահաճո պարտք:
Հովիկ Գևորգյան, վարպետ - Քեզ լավ ես զգում, որ Աստված տվել է այս շնորքը, և դու կարողանում ես եկեղեցի նորոգել:
Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքը գրկում դարերով փայփայած վանքը հիմա նորոգվում է այստեղ իրենց մանկությունն ապրած եղբայրների բարերարությամբ: Ուխտ էին արել խոնարհված վանքը ոտքի հանել:
Տեր Արամ քահանա Միրզոյան, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ - Երբ հանդիպեցինք, ցավոք արդեն լուսահոգի պարոն Նորայր Խաչատրյանին, ասաց, որ մանկությունն անցկացրել է այս բակի շուրջ: Այստեղ են խաղացել իր մորեղբոր տղայի՝ մեր շատ սիրելի Ռաֆայել Մանուչարյանի հետ միասին: Դեռ վաղ հասակից ուխտ են արել, որ եթե հնարավորություն ունենան, պիտի վերանորոգեն վանքը: Փառք Աստծո, նրանց ուխտը կատարվում է, վանքը բարեկարգվում է:
Վանքի բարեկարգումն սկսվել է 2012-ին՝ հիմնադրումից՝ 12-13 րդ դարերից ի վեր առաջին անգամ: Վերակառուցվել, նորոգվել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիները՝ վարպետ-մասնագետները դրսից են, օգնող բանվորները ներսից՝ գյուղի բնակիչները:
Արամ Բաբայան, «Նոր Վարագավանքի» վերանորոգման նախագծի ղեկավար - Սկզբնական փուլում ծրագրի բյուջեն կազմում էր 130 մլն դրամ, երկրորդ փուլում՝ շուրջ 58 մլն: Ներկայում, որ վերանորոգվում է փոքր գավիթը, 54 մլն:
Մեր վանքերը մեր հոգևոր նկարագիրն ու ճակատագիրն են, հարատևության խորհրդանիշը: Ամեն անգամ Նոր Վարագավանք այցելելիս նոր կյանքի հույս է մաղթում Տեր Արամը:
Տեր Արամ քահանա Միրզոյան - Նոր Վարագավանքը մեր նկարագիրն է և, փառք Աստծո, օրեցօր վերականգնվում է:
Վերականգնող ճարտարապետի ցանկությունն է՝ ամուսնու կիսատ թողած գործն ավարտին հասցնել, վանքը սերունդներին նորոգված ավանդել, որ դարեր անց էլ սահմանից այն կողմ Նոր Վարագավանքի զանգերը լսվեն: Իսկ մինչև այդ խոստանում են՝ գավիթը ավարտուն տեսքի բերել սեպտեմբերին՝ Նոր Վարագավանքի ուխտին: