Արդեն մեկ շաբաթ է՝ Շիրակում կարտոֆիլի բերքահավաք է։ Շատերը ժամանակից շուտ են սկսել քանդել նաև գնի պատճառով․ դեռ արտադրողին ձեռնտու գնով են մթերում, բացի դրանից՝ տարին նպաստավոր չէր, բերքն այնքան էլ հաջող չէ, հողին պահ տալով՝ ոչինչ չեն շահի, իսկ մասսայական բերքահավաքի ժամանակ գինը կընկնի։
Մովսիսյան Մանուշակ (ֆերմեր) - Էս տարի երաշտ էր, բերքը քիչ է, գինը լավ չէ, տանջվում ենք վարկով: Վարկը որ ուշացնես, բանվոր պահելն էլ ամեն օր է, ընտանիք են պահում, ֆերմերների վիճակը վատ է։
Ախուրյանցի երիտասարդ ֆերմեր Մերուժան Մաթոսյանն այս տարի 4,5 հա կարտոֆիլ է մշակել։ Սա ընտանիքի բիզնեսն է։ Աշխատել, ներդրում են արել։
Գինը դեռ լավ է, գոհ են, բայց բերքը մանր է շատ, երաշտ էր, ասում է՝ քանդում են-վաճառեն, քանի ձեռնտու է։ Կարտոֆիլի սպառողն իր ոտքով է գալիս արտ․ մեծածախ գնորդ է՝ Մարտունիից։ Միջին չափի կարտոֆիլը ֆերմերը վաճառեց 50-60 դրամով, խոշորը՝ 140-150-ով։
Անցած տարի նույն դաշտից 80 դրամով է գնել: Բերքը քիչ է ու թանկ՝ ասում է: Ֆերմերը բերքը ճանապարհում է Երևան, հետո հավելում՝ ինքը գիտի, որ երևանցին շատ ավելի թանկ է գնելու:
Մերուժան Մաթոսյան (ֆերմեր) - Սպառողն ու մշակողն է դժգոհ մնում, վերավաճառողը այդքան ժամանակ չի տրամադրում: Հիմա ես մշակում եմ, տանում են, նա էլ վաճառողին, վերջում տուժում է սպառողը:
Բայց 150-ով, նույնիսկ 130 դրամով մթերելու դեպքում չի դժգոհի, եկամուտ կունենա։ Վերջին 6-7 տարին մշտապես 60-80 դրամով է կարտոֆիլ մթերել։ Եթե բերքի մյուս հատվածն ավելի առատ լինի, ֆերմերը խոստանում է մյուս տարի, երկու հա ավելի շատ կմշակի: