Դպրոցական նոր ուսումնական տարվա շեմին Տավուշի մարզն ուշադրության կենտրոնում է: Այստեղ է փորձարկվելու հանրակրթության պետական չափորոշիչը: Այստեղից են մեկնարկում նաև մարզերի ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որպես լավ սկիզբ՝ խոսքը սկսեց բուհական ընդունելության քննությունների՝ Տավուշի մարզի արդյունքներին անդրադառնալով, ասաց՝ ցուցանիշները վատը չեն:
Ամառը բավական հագեցած էր՝ ուսուցիչների և տնօրենների վերապատրաստումներով: Նոր ծրագրերով նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական փուլն էր:
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ փոխնախարար) - Ունեցել ենք բավականին ինտենսիվ աշխատանքի փուլ, մշակվել են ուսումնական նյութեր, որոնք տպագրվում են և մինչև ուստարվա սկիզբը կհասցվեն դպրոցներ: Մենք գնման գործընթաց ենք իրականացնում լաբորատոր սարքավորումների համար, և դրանք նույնպես ըստ թեմատիկ պլանների կմատակարարվեն դպրոցներ:
Հին դասագրքերը՝ նոր բովանդակությամբ, մանկավարժների փորձն ու հմտությունը՝ նոր մատուցմամբ, իսկ երեխայի ուսման հաջողության ցուցիչը թվանշանը չի լինելու:
Արտաշես Թորոսյան (Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Դասագրքերը հին ծրագրերով են տպագրված, բայց բովանդակությունը այն մասով, որով համապատասխանում է նոր ծրագրին՝ շարունակելու են օգտագործվել, փոխվում է ամբողջությամբ մատուցման ձևը, դասավանդման հին սկզբունքները, կառուցվածքով ամբողջապես փոխվում է վերաբերմունքը գնահատման մասին, սովորելուն կվերաբերվեն որպես գիտելիք ստանալու, ոչ թե թվանշան ստանալու գործընթաց:
Խորհրդակցությունն ընթացավ աշխույժ հարցուպատասխանի ձևաչափով, տնօրենները հնչեցրին տարբեր խնդիրների շուրջ իրենց մտահոգությունները և հետաքրքրող հարցերը՝ փորձարկվող դասարաններում դասաժամերի քանակից, փոքր դպրոցներում տարբեր համակազմով դասարաններից, նոր չափորոշիչով ներառական կրթությունից մինչև համավարակի դեմ պատվաստումների և կանոնների պահպանման խնդիրը:
Ժաննա Անդրեասյան - Հատկապես կարևորում եմ փոքր դպրոցների խնդիրը, որտեղ ունենք բազմահամակազմ դասարաններ: Պետք է ավելի արդյունավետ լուծումներ գտնենք այդ դասարաններում կրթությունը կազմակերպելու համար, որը ոչ միայն նոր չափորոշիչի խնդիր է, այլև ընդհանրապես կրթության որակի:
Ոչ միայն նոր ուսումնական տարվա, այլև հենց կրթության նոր որակի համար Տավուշում կհնչի այս սեպտեմբերի 1-ի զանգը: