Հեռավար դասերից դեպի դպրոցական կրեդիտներ: Ոչ միայն համալսարանում, նաև ավագ դպրոցում: Նախագիծը կմեկնարկի մյուս տարվանից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը վստահեցնում է՝ նոր կրեդիտային համակարգը կօգնի, որ 12-րդ դասարանն ավարտող աշակերտը հեշտ ընդունվի բուհ:
Նախագծով կրեդիտներն ամեն առարկայի համար տրվում են նվազագույն՝ չորս միավոր գնահատականից հետո: Սովորողը մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ, իսկ մեկ ուստարում` 35: Ավագ դպրոցի երեք տարում էլ կրեդիտները պետք է կազմեն 105:
Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից վստահեցնում են՝ սա կխթանի, որ աշակերտներն իսկապես սովորելու մասին մտածեն, քանի որ եթե գնահատական կարելի էր ստանալ տարվա մեջ առարկայից մի քանի դաս պատասխանելով կամ գրավոր աշխատանքների արդյունքներով, ապա կրեդիտների մեջ կհաշվեն նաև դասարանային, արտադասարանային և բոլոր ինքնուրույն աշխատանքները` մասնակցությունը դասերին, գործնական, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նույնիսկ ստեղծագործական աշխատանքը:
Նախագիծը թույլ կտա նաև, որ օրինակ՝ ավագ դպրոցի գրաբարի գնահատականներն օգնեն, եթե համալսարանի առաջին կուրսում նորից պետք է անցնեն այս առարկան:
Աշակերտի կրեդիտների մեջ հաշվի կառնեն նաև արվեստի, սպորտի դպրոցների գնահատականները: Այսպես նաև դպրոցի գործակցության հնարավորությունները կմեծանան:
Պայմանագրերի ձևաչափերը փորձարկման առաջին փուլում կքննարկեն: Փոխնախարար Անդրեասյանը վստահեցնում է՝ ուսուցիչների օպտիմալացման խնդիր էլ չի լինի, հակառակը՝ նոր կադրերի պակաս կա:
Դե իսկ դպրոցական զանգն ավագ դպրոցներում կրեդիտային համակարգով փորձնական կմեկնարկի 2022-23 ուստարուց ու կտևի 2 տարի: Կսկսեն Երևանի բուհերին կից գործող և Տավուշի մարզի ավագ դպրոցներից:
Ի դեպ, միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի հանրային քննարկումն e-draft հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: